Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական եւ տեղեկատվական պայքար Facebook-ում

Նոյեմբեր 24,2011 13:34


Facebook-ը միշտ էլ եղել է ամենատարբեր ոլորտներին վերաբերող բուռն քննարկումների հարթակ: Որքան մոտենում են ընտրությունները, քաղաքական թեմայով հարցումներն ավելի հաճախ են հանդիպում: Ո՞ր կուսակցությանն եք ձեր ձայնը տալու գալիք խորհրդարանական ընտրություններում. տարբեր օգտատերերի կողմից տրվող այս հարցադրմանը կարելի է հանդիպել ֆեյսբուքում գրեթե ամեն օր։ Դրանք այնքան հաճախակի են դարձել, որ նույնիսկ սկսել են հոգնեցնել։ Առաջին հայացքից ուսումնասիրելով քվեարկությունների ընթացքն ու արդյունքները՝ կարելի է հստակ նկատել, որ Facebook-ում հարցումների սանդղակում առաջին տեղ գրավելու համար պայքար են մղում հիմնականում կուսակցական օգտատերերը։ Հետեւելով կուսակցական այս պայքարին՝ շատ հստակ կարող ես հասկանալ, թե որ քաղաքական ուժը որքան ռեսուրս ունի, եւ որ կուսակցությունն է առավել հետեւողականորեն աշխատում ինտերնետ տիրույթում՝ սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով։

Հետաքրքիր է ՀՀԿ-ն ներկայացնող օգտատերերի պահվածքը։ Բավական է՝ որեւէ ՀՀԿ-ական նկատի նման հարցում, անմիջապես հղումները տարածվում են ընկերների շարքում՝ քվեներ վաստակելու եւ սեփական կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ իրենցից ընդամենը մի քանի րոպե է պահանջվել ֆեյսբուքյան հարցումներից մեկում նոյեմբերի 22-ին  առաջին տեղ գրավելու համար։ Ինչ վերաբերում է այն կայքերին, որոնց հարցումների արդյունքներով  Կ. Ավագյանի կուսակցությունը առաջատար չէ, պատգամավորը հետեւյալ կարծիքի է. «Դրանք նախաձեռնում են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք առանձնապես լսարան չունեն եւ կայքերի վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում են։ Որոշ տպագիր լրատվամիջոցներ էլ, հավանաբար, հրապարակում են միայն իրենց տանն ու ընտանիքի անդամների շրջանակում անցկացված քվեարկությունների արդյունքները: Մի բան պարզ է՝ սոցցանցերում այսօր տեղի ունեցողը վկայում է, որ մենք վճռական ենք տրամադրված տեխնոլոգիական այս պայքարին»։ Ըստ պատգամավորի, ՀՀԿ-ականների քվեարկությունը, ի տարբերություն մյուս ուժերի, իրական պրոֆիլներով է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930