Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից խաբված գյուղացիները պնդում են, որ գյուղից չեն հեռանալու, թեեւ կարծում են, որ կառավարությունում իմիջիայլոց են վերաբերվում ու բախտի քմահաճույքին թողնում իրենց:
Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ՝ Քաջարան գյուղի 181,7 հեկտար հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի, նաեւ գյուղի գերեզմանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է հատկացվել հանքարդյունաբերական նպատակով՝ բաց հանքի ընդլայնման հեռանկարները հաշվի առնելով: Կառավարության այս որոշումից խիստ վրդովված 600 քաջարանցի մայիսի 31-ին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ գյուղ մտած տեխնիկան էլ դուրս էին հանել տարածքից: Այսօր գյուղը ունի մոտ 270 բնակիչ, կառավարությանն ուղղված նամակը ստորագրել են նաեւ գյուղից հեռացած քաջարանցիները: «Անձամբ կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ մի քանի անգամ հանդիպել եւ պայմանավորվել էինք, որ գյուղացիների հետ աստիճանաբար պայմանագրեր կնքվեն, փոխհատուցում տան, մարդիկ տեղափոխվեն իրենց հատկացված տարածք կամ գյուղում ապրեն: Բայց ուրիշ բան պայմանավորվում են, այլ բան անում: 2 ամիս հանդարտ վիճակ էր, մտածեցինք, որ ամեն ինչ լավ է, պայմանավորվածությունն ուժի մեջ է, բայց 20 օր առաջ տրակտոր մտցրին գյուղ, մենք էլ դուրս հանեցինք գյուղից: Գյուղացիները հավատները կորցրել են, ոչ մեկն այլեւս իր տարածքից դուրս գալու մասին չի մտածում ու կտրականապես դեմ է գյուղը լքելու մտքին: Հերիք չի՝ խաբել են, հիմա էլ ուզում են վախեցնել, ասում են՝ եկեք պայմանագրերը ստորագրեք, որ էդ հողերը վարձակալությամբ տրամադրեք, չգաք՝ տրակտոր եմ քցելու գյուղը, ոստիկաններ եմ ուղարկելու, ուզում են վախեցրած լինեն, բայց վախեցող չկա, բոլոր գյուղացիք դեմ են, որ հողերը տան ուրիշի, բա ո՞ւր գնան հետո: Խաբում են մեզ կոմբինատի ղեկավարները, ասում են իբրեւ մեր գյուղին չեն կպնում, ներքեւի մասում են գործ անում, ուզում են մեզ խաբեն ու գյուղը քանդեն», – «Առավոտին» փոխանցեց Ռաֆիկ Աթայանը: Գյուղապետի խոսքով, ինքը դիմել է կառավարություն, որ հանձնաժողով այցելի գյուղ, ուսումնասիրություն անեն, գյուղացիներին աջակցեն, այլապես քաջարանցիները կարծում են, որ կառավարությունում իմիջիայլոց են վերաբերվում ու բախտի քմահաճույքին թողնում քաջարանցիներին: Պայմանավորվածության համաձայն, հանձնաժողովը գյուղ կայցելի մոտ օրերս:
Քաջարան գյուղում է եղել եւ բնակիչների հետ հանդիպել «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի նախագահ Արմեն Փարսադանյանը, լսել նրանց մտահոգությունները: Արմեն Փարսադանյանին քաջարանցիները հավաստիացրել են, որ իրենք ուզում են հայրենի հողում հանգիստ ապրել, մշակել իրենց հողերը, պահել անասուններն ու մեղվաընտանիքները, իրենց որեւէ փոխհատուցում պետք չէ ու գյուղից հեռանալ էլ չեն ցանկանում: Ներկայումս Քաջարան գյուղում 270 բնակիչ է ապրում, հարյուրավոր գլխաքանակ անասուններ ու մոտ 1000-ի հասնող մեղվաընտանիքներ են պահում, հոգում ընտանիքների ապրուստը: «Թող մեզ հանգիստ թողնեն, մեր գյուղին ձեռք չտան, հող տվող չկա իրենց: Դուրս գանք՝ ո՞ւր գնանք, մեր անասունները, մեր տները, մեր հարազատների գերեզմանները թողնենք ո՞ւր գնանք, ի՞նչ է մտածում կառավարությունը մեր մասին»-, վրդովված ասում էին կոմբինատի ղեկավարությունից խաբված քաջարանցիները: Ըստ Արմեն Փարսադանյանի, բնակիչների միակ մտավախությունն այն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը կոմբինատում աշխատող գյուղաբնակներին կարող է աշխատանքից ազատել՝ իրենց հակադրվելու համար: «Տարածաշրջանի ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ հետամուտ կլինենք խնդրին, կլինենք քաջարանցիների կողքին, պարբերաբար կայցելենք գյուղ, կհանդիպենք գյուղացիներին, մեր հսկողության տակ կպահենք գյուղում ստեղծված իրավիճակը եւ կարձագանքենք ցանկացած միջադեպի ու հնարավորինս կաջակցենք քաջարանցիներին՝ զուգահեռ մշակելով մեր հետագա անելիքները խնդրի շուրջ»,- նշում է Արմեն Փարսադանյանը:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ