Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի հանգամանքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում

Նոյեմբեր 24,2011 13:11

Բժշկին դատարան են հրավիրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 35-ամյա վանաձորցին մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման Թովմասյանն էլ ճանաչվել է վկա:

Դատական նիստին որպես վկա հրավիրված Արման Թովմասյանի հարցաքննությամբ պարզվեց, որ վերջինս մինչ դատարան հասնելը երկու անգամ զանգել է դատական կարգադրիչ Էդգար Չատինյանին՝ տեղեկացնելով իր ժամանման մասին: Հասնելով դատարանի տարածք՝ նա մոտ հինգ րոպե կանգնած է մնացել, այնուհետեւ բարձրացել դատարանի շենք: Դատարանում կարգադրիչ Էդգար Չատինյանը, սակայն, ավելի վաղ ցուցմունք էր տվել այն մասին, որ դատավոր Թովմասյանը իրեն չի զանգել: «Այս ամենը ապացուցում է, որ դատավոր Թովմասյանի գործողությունները նախապես ծրագրված են եղել, սկզբից մինչեւ վերջ վկաների ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ են ի հայտ եկել, սպասում ենք, թե երբ են դատավորն ու դատախազը սուտ ցուցմունքներին իրավական գնահատական տալու»,- ասում է Աշոտ Հարությունյանի փաստաբանը, ով դատաքննության արդեն ավարտման փուլում համոզվածություն է հայտնում, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չէր կարող այս գործը անաչառ ու անկողմնակալ քննել: Ըստ նրա՝ դատարանն ու դատախազը կաշկանդված են նույն դատարանի նախկին դատավորի կատարած գործողություններին համապատասխան գնահատական տալուց:

«Գործի քննությունը բազմակողմանի չի ընթանում, ապացույցներից մեկն էլ դատավոր Արման Թովմասյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմի հարցերի նկատմամբ խտրական վերաբերմունքն էր, ըստ էության, զրկվեցինք դատավորին մանրամասնորեն հարցաքննելու մեր իրավունքից»,- բացատրում է փաստաբան Հայրապետյանը: Վկաների տված ցուցմունքներն էլ, փաստաբանի հավաստմամբ, դատարանն ու դատախազը հասկանում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր: Բացի այդ՝ մինչ օրս Աշոտ Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստին որեւէ իրավական գնահատական չի տրվել, իսկ թե որտեղից են նրա մարմնի վրա առաջացել վնասվածքները, ըստ փաստաբանի, ոչ դատավորին է հետաքրքիր, ոչ էլ մեղադրանքը պաշտպանող դատախազին: Համաձայն Աշոտ Հարությունյանի դատաբժշկական փորձաքննության՝ վերջինիս մոտ հայտնաբերվել են ձախ ճակատային թմբկության եւ կրծքավանդակի ձախ կեսի շրջանների մաշկի գունազրկված տեղամասեր, որոնք առաջացել են նախկին քերծվածքների ապաքինումից, ձախ սրունքի եւ աճուկային ծալքի շրջանների արյունազեղումներ, որ պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամկետում: Հաջորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրվել է Աշոտ Հարությունյանին զննած դատական բժիշկը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930