Խորհրդարանական կուսակցությունների նախընտրական խոստումներն ու իրականությունը
Առաջիկայում ընտրություններ են, եւ կուսակցությունները շուտով կսկսեն ներկայացնել, թե գյուղերում ինչ են անելու, տնտեսությունը միանգամից ոնց են օլիգարխների ձեռքից վերցնելու եւ փոքր ու միջին ձեռնարկատերերին տալու, քանի հարյուր տոկոս աճ են ապահովելու, կոռուպցիան ինչպես են արմատախիլ անելու եւ այլն: Կարճ ասած՝ խոստումներ, որոնք միշտ տրվել են ու չեն կատարվել: Եթե խորհրդարանական կուսակցություններն իրենց խոստացած աստղերը երկնքից բերեին, մենք հիմա պիտի ունենայինք առաջ սլացող Հայաստան, պիտի կառուցած լինեինք բարգավաճ, օրենքի երկիր, կամ գոնե վերջին 5 տարիներին հիշեինք, թե ով էր «մեր հին ընկերը», որը կոնկրետ թվերով թռիչքներ էր խոստացել իր նախընտրական բուկլետներում:
Այսպես. ՀՀԿ-ն խոստացել էր, որ 2007-2012-ի ընթացքում գյուղի սոցիալ-կենցաղային պայմանները պետք է որակապես բարելավվեին, պիտի լինեին միայն բարեկարգ ճանապարհներ, տրանսպորտ, շուրջօրյա խմելու ջուր, գազամատակարարում: Տարեցները պետք է ունենային ապահովված ծերություն, երիտասարդները՝ աջակցություն՝ կյանք մտնելիս, աշխատող մարդը՝ իր եկամուտներով արժանապատիվ ապրելու հնարավորություն: Իհարկե, եթե որեւէ ՀՀԿ-ականի հարցնենք, թե ինչո՞ւ մեր տարեցներին ապահովված ծերություն չեն տվել, պիտի նշեն իրենց գլխավոր արդարացումը՝ համաշխարհային ճգնաժամը: Քանի որ մասնագետները շուտով սպասում են նաեւ ճգնաժամի երկրորդ փուլին, չի բացառվում, որ այս գալիք ընտրություններից հետո թղթի վրա մնացած խոստումները բացատրվեն արդեն այդ ալիքներով:
ՀՅԴ-ն նախատեսել էր, որ 2008-ին նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր 50 հազար դրամ, մինչդեռ այսօր այն ընդամենը 32.500 դրամ է, նվազագույն կենսաթոշակը 4250-ից պիտի հասներ 30 հազար դրամի, մինչդեռ այն ներկայումս 10.800 դրամ է: Միջին կենսաթոշակը, ՀՅԴ-ի ծրագրով, 13.000-ից պիտի դառնար 50.000 դրամ, սակայն վիճծառայության տվյալներով՝ այն 27.107 դրամ է:
«Ժառանգությունը» խոսում էր 2 մլրդ դոլարի ստվերից, որի կրճատման արդյունքում նվազագույն աշխատավարձը պիտի բարձրացնեին 20 հազար դրամով, սոցիալական նպաստներն ավելացնեին 10000-ից 20000 դրամով, կենսաթոշակների նվազագույն չափը հասցնեին 30 հազար դրամի: Ինչպես արդեն նշեցինք, կենսաթոշակի նվազագույն չափը մեր երկրում 10.800 դրամ է, նպաստները, 2007-ի համեմատ, ավելացել են 9350 դրամով: «Ժառանգության» խոստումը, որ միջին աշխատավարձը պիտի 2012-ին լինի ամսական 80-100 հազար դրամ, նույնիսկ գերակատարվել է՝ 2011-ին այն կազմել է 114 հազար 60 դրամ:
ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրում նշել էր, որ բազմազավակության եւ ծնելիության խթանման համար պիտի նյութական պատշաճ խրախուսում լիներ: Այդ պատշաճն այսօր առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում 35 հազար դրամ միանվագ նպաստն է, որը հազիվ 1-2 ամսվա «պամպերսի» փողն է: ՀՅԴ-ն այս հարցում առավել շռայլ է գտնվել՝ խոստանալով ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում հատկացնել 200,000-ական դրամ, իսկ երրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, չորրորդ երեխայի դեպքում՝ 2,5 մլն դրամ:
«Բարգավաճ Հայաստանը» նվազագույն աշխատավարձը պիտի բարձրացներ «գնաճին համահունչ», բայց քանի որ ճգնաժամ եղավ, գնաճը թռավ առաջ, աշխատավարձը մնաց գրեթե նույնը: ԲՀԿ-ն նաեւ ակնարկել էր, որ գործազրկության նպաստի չափը էական կբարձրանա: Էական ասվածը 5500 դրամ է եղել, եթե 2007-ին գործազրկության նպաստը մեր երկրում 11.393 դրամ էր, հիմա այն 16.915 դրամ է:
ԲՀԿ-ին ընտրողները ակնկալիք ունեին, որ կենսաթոշակը կլինի կենսապահովման նվազագույն զամբյուղից ոչ ցածր եւ այդպես միասին պիտի կառուցած լինեինք բարգավաճ երկիր: Մինչդեռ կենսապահովման սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 53 հազար 804 դրամ, իսկ կենսաթոշակը սկսում է 10 հազար դրամից:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ