Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լույսով մանկական կոշիկ եւ այրվող սիրտ. Նվիրում են իրար սիրահարները

Նոյեմբեր 24,2011 13:06

 

 «Կուրսի երեխաներով լսարանում նստած էինք, դասերն ավարտվել էին, ու պատրաստվում էինք տուն գնալ: Լսարան մտավ մտերիմ ընկերուհուս  եղբայրը: Եկել էր քրոջը տուն ուղեկցելու: Ընկերուհիս անուն առ անուն ծանոթացրեց մեզ նրա հետ, ու բոլորս միասին համալսարանից դուրս եկանք»: Մելինեն չզգաց եւ չնկատեց էլ,  որ այդ տղայի` Խաչատուրի  դուրը շատ է եկել: Խաչատուրը  քրոջը հենց նույն օրը ասել էր. «Մելինեն սիրտս է մտել»: Խաչատուրը առավել հաճախ էր գալիս համալսարան, հանդիպում եւ խոսում Մելինեի հետ: Որոշ ժամանակ անց Մելինեն ինքն էլ է զգում, որ անտարբեր չէ տղայի նկատամբ,  բայց վախենում է՝ եղբայրը չգիտի Խաչատուրի մասին: «Մեր հանդիպման հաջորդ օրը եղբայրս բանակ էր գնալու, ու Խչոն ընդամենը մեկ օր ուներ նրա հետ խոսելու համար: Ես նրան ասել էի, որ իր հետ ընկերություն կանեմ միայն երբ եղբայրս էլ իր համաձայնությունը տա»,- ասում է Մելինեն: «Հենց այդ երեկո նրանք խոսեցին ու եղբորս խոսքերից ես զգացի, որ Խչոյի հանդեպ իր վերաբերմունքը դրական է»: Սկսեցին ընկերություն անել` հանդիպումներ, անակնկալներ… Մի առիթով Մելինեն խոստացել էր Խչոյին լույսով մանկական սպորտային կոշիկներ նվիրել, վերջինս էլ չէր հավատացել` մտածելով՝ Մելինեն կատակում է, բայց իրականում ամեն ինչ լուրջ էր: Մելինեի խոսքով` սիրահարների օրը, երբ հանդիպեցին, նա որպես նվեր, Խչոյին հենց այդ խոստացված սպորտային կոշիկները տվեց` ժապավեններով փաթեթավորված արկղով ու ստիպեց հենց այդ պահին բացել: «Արկղը բացելուց հետո Խչոյի դեմքի արտահայտությունը միայն տեսնեիք» – ծիծաղում է Մելինեն:

Հիշարժան էր նաև Մելինեի ծննդյան օրը: Հասցրեց և’ տխրել, և’ ուրախանալ: Սովորականի նման ժամը 12-ից հետո բոլորը շնորհավորեցին նրան, Խաչատուրը «լռում է»: «Զարմացել էի, ինձ թվում էր առաջինը հենց նա կշնորհավորի, բայց… անցան ժամեր, իսկ նրանից ոչ մի լուր ու հանկարծ այն պահին, երբ արդեն պատրաստվում էի քնել, զանգեց ու խնդրեց պատուհանից դուրս նայել. սրտի պատկերով կրակ էր վառել պատուհանիս տակ: Ուրախությանս չափ ու սահման չկար»:

Մելինեի սիրելի ծաղիկը սպիտակ վարդն է` կապույտ եզրերով: Ասում է՝ պատահական չէ.  մի անգամ, երբ Խչոն նրան հենց այդ վարդերից էր նվիրել, օրեր անց ամբողջ փունջը թոշնել էր, մնացել էր միայն մեջտեղում ամուր կանգնած երկու վարդ: Դա Մելինեին հույս էր ներշնչել ու ստիպել հավատալ, որ ոչինչ պատահական չի լինում: «Ես անգամ նկարել եմ այդ փունջը ու երբ մենք վիճում ենք, նայում եմ նկարին ու հավատում, որ միևնույն է միասին ենք լինելու»,- ասում է Մելինեն: Յուրաքանչյուր զույգի մոտ վեճեր լինում են, Մելինեն ու Խաչատուրն էլ բացառություն չեն: Մի անգամ, երբ նրանք վիճել էին, ուշ երեկոյան Խչոն գնում է Մելինեեց տան մոտ, որպեսզի հաշտվեն: Զանգահարում է Մելինեին ու խնդրում բակ իջնել: Աղջիկը  հիշում է. «Երբ նստեցի նրա մեքենան ու երկար զրուցեցինք, ամեն ինչ հարթեցինք: Մի պահ, երբ էլ խոսելու թեմա չկար, հանկարծ նորից բարկացա ու ասացի` քո պատճառով ես սոված մնացի: Առանց մի բառ ասելու, Խչոն միացրեց մեքենայի շարժիչն ու մենք գնացինք շաուրմա ուտելու: Այդ օրը բավական ուշ վերադարձա տուն: Բախտս բերեց. հայրս արդեն քնած էր»:

Ասում է առայժմ սա նրանց  վերջին վեճն էր: «Ես Խչոյին շատ եմ սիրում, – ասում է Մելինեն ու ավելացնում,- Հուսով եմ նման վեճեր էլ չեն լինի»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930