Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվության առյուծի բաժինը իշխող ուժինն է

Նոյեմբեր 24,2011 12:49

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ իշխանությունը համակարգային բարեփոխումներ է կատարում

– Բավական տեւական ժամանակ նոր իշխանափոխություն կամ հրաժարական չի լինում, ըստ էության, առաջացել է շատ հետաքրքիր իրավիճակ՝ իշխանությունն է ուղղորդում ներքաղաքական գործողությունները. ո՞րն է նպատակը:

– Գաղտնիք չէ, որ իշխանությունը կենդանի օրգանիզմ է, եւ ցանկացած իշխանության համար կարեւոր է, որ տեղի ունենան փոփոխություններ: Ինչպես հիշում եք, ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօրվա գլոբալացվող աշխարհում անչափ կարեւոր է փոփոխությունների գնալը, եւ եթե կա ձգտում այս արագ փոփոխվող աշխարհում մնալ կայուն եւ ամուր, ապա պետք է պատրաստ լինել փոփոխությունների: Բայց ամենակարեւորը՝ այս փոփոխություններն ինքնանպատակ չեն: Մենք գնում ենք այդ ճանապարհով՝ ցանկացած փոփոխություն ունի հստակ նպատակ՝ շարունակել համակարգային բարեփոխումները: Այսօր մեզ համար թիվ մեկ նպատակ է կազմակերպել ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Ճիշտ է, նախկինում էլ մենք ձգտել ենք դրան, բայց այսօր եւ ժողովրդի սպասելիքները, եւ միջազգային հանրության ակնկալիքները շատ մեծ են, եւ մենք պետք է ձգտենք նախադեպը չունեցող ընտրական գործընթացի: Բնականաբար, պատասխանատվության առյուծի բաժինը իշխող քաղաքական ուժինն է, եւ մենք չենք խուսափում այդ պատասխանատվությունից: Թե նախագահ Սարգսյանը, թե Հանրապետական կուսակցությունը քաղաքականությունը գիտակցում են որպես պատասխանատվություն: Բնականաբար, միայն Հանրապետականը չի կարող հարց լուծել, կա ԿԸՀ, կան ի վերջո ընդդիմություն եւ այլ քաղաքական ուժեր, որոնք պարտավոր են առաջնորդվել նույն սկզբունքով՝ ցանկացած ընտրության արդյունքում պետք է ձգտենք ավելի ուժեղ եւ ավելի ժողովրդավար Հայաստանի:

– Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվացել է, դիպուկահարների կրակոցները, հերթական ռազմատենչ հայտարարությունները, անհանգիստ վիճակը սահմանին, ըստ որոշ վերլուծաբանների, այս ամենը նշանակում են, որ Ադրբեջանը իր այս քայլերով փորձում է ստիպել Արցախին եւ Հայաստանին՝ գնալու առավելագույն զիջումների. ըստ Ձեզ՝ ինչո՞վ է բացատրվում մեր հարեւանների այս ռազմատենչությունը, ելքը ո՞րն է լինելու, ի՞նչ պետք է անենք մենք, որ Ադրբեջանն ի վերջո հանգստանա եւ իրեն հանգիստ պահի:

– Նախ, ոչ մեկի համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն Իլհամ Ալիեւն է, եւ հենց Ալիեւի անհավասարակշիռ, ավանտյուրիստական եւ ռասիստական կոչերը հանգեցրին նրան, որ այսօր ադրբեջանցի դիպուկահարները առաջին գծում հստակ ռազմական ավանտյուրա են հրահրում: Հարցնում եք, թե ինչ պետք է անենք այս իրավիճակում: Կարծում եմ՝ չի ուշանա հայկական ինքնապաշտպանական ուժերի պատասխանը, եւ ադրբեջանական ժողովուրդը եւս մեկ անգամ կիմանա, որ իր ցանկացած դժբախտության պատճառը իր երկրի իշխանությունն է եւ առաջին հերթին՝ ավանտյուրայի գնացող Ալիեւը: Իհարկե, մենք պետք է նաեւ միջազգային հանրությանը ներկայացնենք, որ մեր հարեւանի կողմից իրականացվող քայլերին չի տրվում համարժեք միջազգային գնահատական, եւ նրանք չափն անցնում են: Միաժամանակ պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը զբաղված է պատերազմի հրահրմամբ, Հայաստանը հավասարակշիռ եւ ամուր կեցվածք ունի, չի վախենում պատերազմից, բայց եւ արժանապատիվ խաղաղության եւ խնդրի քաղաքական լուծման կողմնակից է:

– Բայց միջազգային հանրությունը կարծես զլանում է կոնկրետ գնահատականներ տալ, օրինակ՝ կոնկրետ նշել, թե իրական ագրեսորն ով է եւ ով է հրահրում ռազմական գործողություններ:

– Այո, քանի դեռ միջազգային հանրությունը կոնկրետ չի նշում իրական ագրեսորին եւ դիպուկահարներին ներքաշողին, ապա, իհարկե, վտանգ կա, որ այս ամենը կշարունակվի:

– ՀԱԿ հանրահավաքում, որը տեղի կունենա երկու օրից, կրկին կխոսվի հրաժարականների, հանրաքվեի մասին, նորից նույն պահանջները կդրվեն:

– ՀԱԿ-ը նախ եւ առաջ պետք է համարձակություն ունենա ընդունելու իր անհաջողությունները գոնե կանխատեսումների մակարդակով, իսկ ինչ վերաբերում է իրենց այն մտքին, թե հերթական ընտրությունները կվերածվեն հանրաքվեի, ապա այստեղ արտառոց բան չի ասվում, քանի որ յուրաքանչյուր ընտրություն իրականում հանրաքվե է, եւ սա այնքան ակնհայտ է: Առաջիկա համապետական ընտրությունները ցույց կտան, որ իրենց որակով առաջինն են մեր նորագույն պատմության մեջ, եւ կվերահաստատվի, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իր քաղաքական, տնտեսական-սոցիալական խնդիրների լուծումը եւ իր ապագան կապում է նախագահ Սարգսյանի եւ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության եւ կոալիցիոն կուսակցությունների հետ:

– Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացին, երեկ ասել է. «Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում։ Իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի։ Մի շարք նախաձեռնությունների անհրաժեշտություն կա։ Մի պահ ժամանակը նպաստավոր էր, սակայն այն կարծիքին եմ, որ հնարավոր չեղավ ամեն ինչ համաձայնեցնել։ Տարածաշրջանում բոլորն իրենց շահն էին հետապնդում այդ գործընթացում։ Առաջ եկան դժվարություններ, սակայն չի կարելի ասել, որ ամեն ինչ մեռած է»:

– Այնպես չէ, որ հայկական կողմը կարծում է, թե փչելով կարելի է հարաբերությունները ջերմացնել, իհարկե՝ մեկ քայլով էլ խնդիրը չի լուծվի, մանավանդ՝ Թուրքիան ներկայում նույնիսկ տեղում չի դոփում, այլ անընդհատ հետքայլ է կատարում եւ, նախապայմաններ առաջ քաշելով, նոր խոչընդոտներ է ստեղծում: Եթե պարոն Գյուլն անդրադարձել է հայ-թուրքական պրոցեսին, ապա լավ կաներ, որ խոսեր նաեւ հարցի շուրջ բուն Թուրքիայի գործելաոճի մասին, քանզի պաշտոնական Անկարայի կողմից իրականացվող քաղաքականությունը լրջորեն վնասում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930