Արամ Կարապետյանը՝ ռուսական աջակցության մասին
– Ժամանակին Դուք ՀԱԿ-ի հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էիք. ուրբաթ օրը կրկին հանրահավաք է՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ Ձեր մոտեցումներում փոփոխություններ են եղել:
– Ես կարծում եմ, որ այս ուրբաթ կգնամ հանրահավաքի:
– Շատ բազմանշանակ ասացիք:
Կարդացեք նաև
– Այո, որովհետեւ վերջին մեկ-երկու հանրահավաքներին չեմ եղել եւ ինչքանով հասկացա, այս հանրահավաքում ներկայացվելու են Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավաքաղաքական դրդապատճառները: Քանի որ ինքս էլ եմ արմատական ընդդիմադիր, ուզում եմ լսել իրենց կարծիքը՝ ի՞նչ է դա նշանակում, եւ ինչպե՞ս են դրան հասնելու:
– Մինչ ՀԱԿ-ը կհրապարակի իր մոտեցումն այդ հարցի վերաբերյալ, Դուք իմպիչմենտի իրականացման հնարավորություններ տեսնո՞ւմ եք:
– Տեսականում ամեն ինչի հնարավորություն տեսնում եմ, գործնականում այս պահին, այսօր ես նման հնարավորություն չեմ տեսնում:
– ՆԺԿ-ն եւս եղել է համաժողովրդական շարժման համակիր, այնուհետ թեպետ ՀԱԿ-ին չանդամակցեցիք, բայց ակտիվ մասնակիցն էիք տեղի ունեցող գործընթացների, որոնց նպատակը արտահերթ ընտրությունների հասնելն էր: Հիմա՝ ՀԱԿ-ը հայտարարում է, որ հերթական ընտրություններն էլ հարցերի լուծման տարբերակ կարող են դառնալ: Դա հիասթափեցրե՞լ է Ձեր կուսակիցներին:
– ՀԱԿ-ը քաղաքական պայքար է վարում, իսկ դա նշանակում է, որ մի օր կարելի է ասել մեկ բան, փորձել գնալ դրան, եթե չի ստացվում՝ տալ բացատրություն ու անել երկրորդ բանը: Ցավոք, 20-րդ դարավերջի 21-րդ դարի քաղաքականության մեջ դա շատ ընկալվող բան է:
– Արտահերթ ընտրությունների հնարավորություններ դեռ կա՞ն, թե՞ դրանք այլեւս բացառված են:
– Ես չեմ բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը միայն մեկ պարագայում՝ երբ Սերժ Սարգսյանը, Միխայիլ Սահակաշվիլու նման, գտնի հարմար պահ, երբ ժողովուրդը զբաղված կլինի Ամանորով, եւ հրաժարական տա: Կարծեմ 2007-ին էր, նոյեմբերի 7-ին ջարդ եղավ, հետո Սահակաշվիլին հրաժարական տվեց, հաջորդ տարվա հունվարի առաջին տասնօրյակում ընտրություններ արեց եւ լեգիտիմ նախագահ դարձավ: Եթե իշխանական այդ ծրագիրը չի իրականացվելու, ապա արտահերթ ընտրությունների հնարավորություններն այժմ համարյա թե զրոյի են հավասար: Քաղաքական պահ չկա, դրանով պայմանավորված՝ ժողովրդական ցասում չի բարձրացել, սոցիալ-տնտեսական վիճակն այդ աստիճանի չի վատթարացել, Հայաստանը գնում է հերթական ընտրությունների, ինչը նաեւ բարոյահոգեբանական առումով ազդում է մարդկանց վրա՝ ընտրություններ են, էլի… Ես չեմ ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, ավելին՝ ես կողմնակիցն եմ, որպեսզի օր առաջ արտահերթ ընտրություններ լինեն, օր առաջ ամեն ինչ փոխվի: Բայց եթե դա պիտի վերածվի Սերժ Սարգսյանի լեգիտիմացման մի նոր սցենարի, ապա ես կատեգորիկ դեմ եմ նման սցենարին:
– ՆԺԿ-ն վերջերս բավականին պասիվ է, նույնիսկ կուսակցական ակտիվի հավաքը կարծես փակ-գաղտնի արեցիք: Ինչո՞ւ:
– Մենք այս անգամ շատ լուրջ ու սուսուփուս պատրաստվում ենք մեր գործերին: Կարող եմ ասել, որ առաջիկայում շատ ակտիվ ենք լինելու: Շատ բաներ նոր են լինելու: Եթե ճշմարտության երեսին նայենք՝ 2007-ի ընտրություններին երեւի ես եւ Նիկոլ Փաշինյանն էինք, որ ամենաշատը կարողացանք դաշտն ակտիվացնել: Ես կարծում եմ՝ նույն բանը հիմա է լինելու: Որեւէ պայքարի հորձանուտից չենք հրաժարվել՝ ընդհակառակը, բայց այս անգամ մենք հասկացել ենք, որ պիտի ավելի շատ նախապատրաստվել եւ պատրաստված գնալ: Դա ենք անում՝ շատ սուսուփուս: Մենք ասելիք եւ անելիք շատ ունենք:
– Պարոն Կարապետյան, Դուք սպառնում եք, որ շատ լուրջ եք պատրաստվում ընտրություններին, միաժամանակ խոսում եք Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ինչպես նաեւ՝ ռուսամետ գործիչ եք: Առաջիկա ընտրություններում ունենալո՞ւ եք ռուսական կապիտալի կամ քաղաքական աջակցությունը:
– Ես երբեւէ չեմ ձգտել որեւէ մեկի աջակցությունն ունենալ: Ես այդպիսի աջակցության կարիք էլ չունեմ ու չեմ կարծում, որ որեւէ մեկը մինչեւ հիմա կասկածել է իմ թե՛ ֆինանսական, թե՛ գաղափարական-քաղաքական հնարավորությունների վրա: Ես անկեղծ եւ բացահայտ ձեզ կասեմ՝ շատ շնորհակալ կլինեմ բոլոր մայրաքաղաքներին, եթե ինձ պարզապես չխանգարեն: Եթե հիշում եք, բոլոր փաստաթղթերը, որոնցով ես չեմ կարողանում ՀՀ-ում գրանցվել որպես նախագահի թեկնածու, բերվել են Մոսկվայից: Դա ուղիղ ասում է, որ որեւէ աջակցություն երբեւէ չենք ունեցել:
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը՝ մեր ծրագիրն ութ տարվա մեջ չի փոխվել, եւ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին գրված այդպիսի առանձին կետ կա: Պարզապես Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական միության առիթով հրապարակած հոդվածը եւ մնացած զարգացումները ժամանակային առումով համընկան: Ուստի մենք չենք կապում այդ գործընթացներն իրար հետ: Եվրասիական միությանն անդամակցության գործընթացը շատ ավելի լուրջ է, քան ինչ-որ ընտրություններում աջակցություն ստանալը: Այո, ես կողմնակից եմ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը, բայց ոչ՝ ֆորպոստացմանը, այլ նորմալ, միութենական հարաբերությունների: Եվ ո՞վ է ասում, որ դա Ռուսաստանին է պետք, դա նախեւառաջ մեզ է պետք:
– Ռուսական կողմնորոշմամբ շատ ուժեր ողջունեցին Եվրասիական միությանն անդամակցության Ձեր հրապարակային հայտարարությունը. քանի որ առաջիկայում նաեւ ընտրական շրջան է՝ չե՞ք պատրաստվում դաշինքի վերաբերյալ բանակցություններ սկսել:
– Ճիշտ եք ասում, բայց ես կսպասեմ մինչեւ բոլորն արտահայտեն իրենց տեսակետները: Կողմնորոշումների խնդիրները լուծվեն՝ նոր: Եվ միայն դա չէ, կան այլ հարցեր էլ, որոնք կարող են բերել գաղափարական-քաղաքական դաշինքի ստեղծման: Մենք բոլոր ռեսուրսներով պատրաստ ենք միայնակ գնալու ընտրությունների, բայց հաճույքով կբանակցենք գաղափարական դաշինքներ ստեղծելու շուրջ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ