Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք է դառնա սովորական

Նոյեմբեր 24,2011 12:39

Մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը: Նորմալ, սովորական հարցազրույց էր, որի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչը հայտնեց այդ քաղաքական ուժի հայտնի գնահատականները: Իհարկե, կար որոշակի լարվածություն, որն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ պարոն Զուրաբյանը վստահ չէր, որ մոտ ժամանակներս հնարավորություն կունենա ելույթ ունենալու նման մեծ հեռուստալսարանի առաջ եւ շտապում էր որքան հնարավոր է՝ շատ հնչեցնել «հանցավոր ռեժիմ» եւ «ավազակապետություն» որակումները, ինչպես նաեւ անձամբ ՀՀ նախագահի հասցեին բացասական էպիտետները` որոշակի մտավախություն ունենալով, հավանաբար, որ լրագրողը նրան այդ հնարավորությունը չի տա: Եթե Հ1-ում եւ մնացած հեռուստաընկերություններում ընդդիմադիրները որոշակի պարբերականությամբ հնարավորություն ունենան ելույթ ունենալու, ապա նման խնդիր հաստատ չի առաջանա, եւ նրանք ավելի շատ շեշտը կդնեն ոչ թե «կարգախոսային» եւ «միտինգային» ձեւակերպումների, այլ ներկա վիճակի իրական այլընտրանք առաջարկելու վրա: Ճիշտ է, օրինակ, որ Հայաստանի կարեւորագույն քաղաքական խնդիրը լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է: Սակայն, իմ կարծիքով, ընդդիմադիրները կամ մոլորվում են, կամ էլ հատուկ մոլորեցնում են մարդկանց` ասելով, որ դա կարող է տեղի ունենալ նախագահի հրաժարականի միջոցով: Նախորդ փորձը, ինչպես նաեւ ներկայումս ընդդիմադիր կուսակցությունների պահվածքը ինձ ստիպում են կասկածել, որ լեգիտիմության այդ ճանապարհն առաջարկելով՝ նրանք ձգտում են հաստատել իրենց սեփական, նույնքան ոչ լեգիտիմ իշխանությունը: Բայց իմ կարծիքը, բնականաբար, վերին ատյանի ճշմարտություն չէ` այդ ամենը պետք է հանգիստ, առանց ավելորդ լարվածության քննարկել տարբեր հարթակներում, այդ թվում` հեռուստատեսությամբ:

Ավելորդ է ասել, որ հեռուստատեսությունն այսօր միակ խողովակը չէ, որով հնարավոր է քննարկել այս տեսակի խնդիրները` կայքերը, սոցիալական ցանցերը ու ինտերնետն ընդհանրապես տալիս են դրա լայն հնարավորությունը: Այդ հանգամանքը այլեւս հնացած եւ ոչ արդիական է դարձնում հեռուստաընկերությունների նկատմամբ կոշտ վերահսկողությունը եւ այն իրավիճակը, երբ ընդդիմադիր գործչի ելույթը Հ1-ով ընկալվում է որպես շաբաթվա կամ նույնիսկ ամսվա կարեւորագույն իրադարձություն: Գրաքննությունը, որը պաշտոնապես արգելված է մեր Սահմանադրությամբ, պետք է արգելվի նաեւ իրական կյանքում, Ամալյանի հանձնաժողովը, որը նման գրաքննության գործիքն է, պետք է լուծարվի որպես արխայիկ ինստիտուտ: Ընդդիմադիրներն այլեւս մեծ վնաս չեն կրում այդ գրաքննությունից` նրանք գտել են եւ կշարունակեն գտնել իրենց գաղափարները հասցնելու բազմաթիվ այլ ճանապարհներ: Միակ տուժող կողմը այս հարցում բուն հեռուստաընկերություններն են. եթե 5 կամ 10 տարի հետո ինտերնետը Հայաստանում դառնա մատչելի եւ էժան, նրանք պարզապես չեն դիմանա մրցակցությանը:

Երկնագույն էկրանից խոսող ընդդիմադիրից իշխանությունները չպիտի վախենան: Դա միանգամայն նորմալ եւ բնականոն երեւույթ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930