Այսօր, երբ հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման վերաբերյալ թեժ քննարկումներ այլեւս չկան, հայ եւ թուրք գործարարները Երեւանում փորձում են փակ սահմաններով տնտեսական կապեր հաստատել, ընդլայնել գործարար միջավայրի միջեւ համագործակցությունը:
«Անկախ Թուրքիայի կառավարության կոշտ, միջնորդավորված, քաղաքական 3-րդ կողմի շահերով պայմանավորված ցանկություններից՝երկու երկրների հասարակություննները, հատկապես բիզնեսմենները, աշխատում են: Նույնիսկ իրենք` թուրքերը, քաղաքական կամքի առումով պետք է հասկանան` ո՞րն է իրենց շահը` հարեւանի հետ նորմալ հարաբերությո՞ւնը, թե՞ կողմնակալ դիրքը: Հայաստանին ծնկի բերելը չի ստացվել եւ չի ստացվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Վերջինս մասնակցում էր Երեւանում անցկացվող հայ-թուրք գործարարների համաժողովին: Նա նշեց, որ երեկ համաժողովի արդյունքում Հայաստանի եւ Դիարբեքիրի կանանց միջեւ կնքվել է պայմանագիր, որը միտված է երկու երկրների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանը: Հարցին, թե ի՞նչ կունենա Հայաստանը բաց սահմանների դեպքում, Ա. Ղազարյանն ասաց. «Կունենանք էներգետիկայի, ճանապարհաշինարարության, տրանսպորտի տարածաշրջանային ծրագրեր, որոնք երկուստեք կփոխեն տարածաշրջանի տնտեսական, ներդրումային գրավչությունը: Ճիշտ է, մենք երեւի թե կկարողանանք եւս 100 տարի այս պայմաններում զարգանալ եւ ծնկի չենք գա, բայց երբ սահմանները բաց են, երկու շուկաները, այդ թվում` հարեւանները, դրանից շահում են»:
Թուրք գործարար, Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհրդի (TABDC) համահիմնադիր Նոյան Սոյակը Aravot.am-ին ասաց, որ համաժողովի միջոցով փորձում են ավելի ընդլայնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցությունը, հայ եւ թուրք գործարարների միջեւ կապերը:
Թուրք մեկ այլ գործարար, «Բանկա» կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավար Թալիպ Բուլուտը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացվելով, հայկական արտադրությունը զարգանալու է եւ համամիտ չէ կարծիքին, որ եթե սահմանը բացվի` թուրքական անորակ եւ էժան ապրանքը լցվելու է հայկական շուկա, եւ տեղի արտադրությունը չի զարգանալու. «1997 թվականին, երբ Թուրքիան Եվրամիության հետ տնտեսության հետ կապված կապված պայմանագիր ստորագրեց, նույն վախը մենք էլ ունեինք եվրոպական սահմանների հետ կապված, մտածում էինք, որ եվրոպական ապրանքը մտնելու է Թուրքիա, եւ մեր արտադրությունը տուժելու է, բայց եղավ հակառակը, թուրքական տնտեսությունը եւ թուրք արտադրողն ավելի զարգացավ»:
Կարդացեք նաև
Համաժողովում հնչած կարծիքների մասին մանրամասն` տեսանյութում:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ