«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեր մոտեցումը չի փոխվել: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել գործընթացին, երկու կողմերի հետ աշխատում ենք: Թուրքիայում ամենաբարձր մակարդակներում այս հարցը բարձրացրել ենք, եւ հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի կողմից կիրականացվեն»,- քիչ առաջ Հրազդան հյուրանոցում հայ եւ թուրք գործարարների համաժողովի փակման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Դեսպանն ընդգծեց, որ արձանագրությունների ստորագրման պահին որեւէ նախապայման չի եղել եւ հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունների իրականացումն այժմ էլ որեւէ խնդրի հետ կապված չպետք է լինի: «Հայ-թուրքական հարաբերությունները, սահմանի բացումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխանակումը Ամերիկայի կառավարության համար շատ կարեւոր հարց է: Երեւանի եւ Անկարայի դեսպանատները, բոլորը համաձայն են եւ հաստատում են , որ այդ հաշտեցումը բխում է հայերի եւ թուրքերի շահերից եւ նաեւ Ամերիկայի եւ Ամերիկայի ժողովրդի շահերից»,- ասաց Ջոն Հեֆֆերնը:
Հայ եւ թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ համաժողովը բացի գործարար միջավայրի զարգացումից, ունի նաեւ քաղաքական ուղերձ. «Ուղերձն այն է, որ հաշտեցման գործընթացը դեռեւս շարունակվում է, դեռ շատ անելիք կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցումն իրականացնելու համար, հիմնական ճանապարհը արձանագրություններն են, Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է արձանագրություններին, որը կախված չէ ոչ մի այլ հարցից: Կան նաեւ այլ ճանապարհներ մերձեցման համար: Մենք աջակցում ենք արձանագրությունների հարցին, բոլորս` ԱՄՆ-ը, Հայաստանը, Թուրքիան, աշխատում ենք, որպեսզի մարդկանց միջեւ կապեր ստեղծենք բոլոր ոլորտներում, կառուցենք եւ խրախուսենք երկու կարեւոր երկրների միջեւ հաշտեցմանը»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ