Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կնոջ պատմելով` ամուսինն իրեն հարվածել է, ինչն այնքան է վախեցրել իրեն, որ վաղաժամ ծննդաբերել է մահացած երեխայի/ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբեր 23,2011 19:23

Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը` ժամը 03.00-ի սահմաններում, «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 26-ամյա Աննա Ադիլխանյանը: Վերջինս ծննդատանը հայտարարել է, որ վայր ընկնելու հետևանքով ինքը վաղաժամ` 8 ամսականում, ծննդաբերել է աղջիկ երեխա, որը մահացած վիճակում գտնվում է իրենց տան զուգարանում:

Ծննդատուն է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Արդեն ծննդատանը ոստիկաններին Ա.Ադիլխանյանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ` նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իր ամուսինը` 26-ամյա Նվեր Մարկոսյանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ և վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել իր դեմքին:
Դրանից հետո ամուսինների միջև ոչ մի վիճաբանություն տեղի չի ունեցել, սակայն Աննա Ադիլխանյանի ենթադրությամբ, հնարավոր է, որ ամուսնու հարվածից ինքն այնքան է վախեցել, որ վաղաժամ ծննդաբերել է և կորցրել երեխային:
Գալով տուն` ոստիկանները տան հատակին հայտնաբերել են մահացած նորածնի դին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ակսել Մանուկյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական:
Նմանատիպ հայտարարություն է տվել նաև աղջկա ամուսինը` Նվեր Մարկոսյանը: Վերջինս ավագ քննիչ Ակսել Մանուկյանի կողմից ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մարտունիում հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ամուսինները` Աննան և Նվերը, ունեն մեկ անչափահաս երեխա` Ռաֆայել անունով, և բնակվում են սոցիալապես բավականին ծանր պայմաններում. երկուսենյականոց բնակարանը չի ջեռուցվում:
Տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել