Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տարբեր մասնագիտությունների, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի, ներկայացուցիչներին պարգեւատրել է նախագահի կողմից սահմանված Վսեմափայլության շքանշանով: Պարգեւատրման արարողությունը նվիրված է եղել «վարդերի հեղափոխության» ութերորդ տարեդարձին եւ «Գիորգոբայի» տոնին:
Trend-ի մատուցմամբ, Սահակաշվիլին շեշտել է մասնավորապես վրաց դիվանագետների հաջողությունները եւ պարգեւներ է հանձնել դիվանագետների այն խմբին, որն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ այդ երկրի հետ բանակցություններ էր վարել: Պարգեւներ ստացածների թվում են Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներ Սերգո Կապանաձեն եւ Թոռնիկե Գորդաձեն, վարչապետի խորհրդական Թամար Կովզիրիձեն, ԵՄ-ում Վրաստանի դեսպան Սալոմե Սամադաշվիլին:
Սահակաշվիլին համարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողությունների է հասել. Մոսկվան ըստ էության ճանաչել է Վրաստանի՝ միջազգայնորեն գծված սահմանները եւ համաձայնել աբխազական եւ հարավօսական տարածքներում՝ վրաց-ռուսական սահմանին, բեռների մոնիտորինգի անցկացմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ու Վրաստանը Ժնեւում, Շվեյցարիայի միջնորդությամբ, ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ փոխզիջումային համաձայնություն էին ձեռք բերել: Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Ռուսաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, ասել է թե՝ միջազգայնորեն ճանաչված ռուս-վրացական, ցամաքային սահմանին, միջազգային դիտորդների տեղակայում: Դիտորդները, ըստ ձեռքբերված համաձայնության, պետք է վերահսկեն ՌԴ-ից այդ տարածքներ մտնող բեռները: Մշտադիտարկումն իրականացվելու է ժամանակակից տեխնիկայի միջոցով, մշակվել է նաեւ տեղեկատվության փոխանակման ու կողմերի միջեւ հնարավոր վիճելի հարցերի պարզաբանման արդյունավետ մեխանիզմ:
Կարդացեք նաև