Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք սպանել են ոչ միայն Արտակին, այլ նաեւ ականատեսներին»,- ասաց «ինքնասպան» եղած սպայի մայրը

Նոյեմբեր 23,2011 18:06

Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված  «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկում սպանված Արտակ Նազարյանի գործով

Ռուբեն Մարտիրոսյան

դատարանում էին 5 ամբաստանյալները՝ կապիտան Հակոբ Մանուկյանը, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Միայն վերջինը կալանավորված չէ. եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

1 ժամով ընդհատվել էր Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը, քանի որ սիրտը տեղի տվեց:

Հասմիկ Հովհաննիսյանը խոսեց բազմաթիվ հարցականների մասին, որոնք կապված էին նախաքննությունն իրականացրած մարմնի հետ:

Նա ասաց, որ դեպքի օրը որդին առավոտյան զանգել է իրեն եւ խնդրել, որպեսզի լիցքավորվի իր հեռախոսը: Լիցքավորել է 1000 դրամի: Հետագայում, երբ կատարվել էր անսպասելին , պարզվել էր, որ Արտակը խոսել է 4 րոպե 71 վրկ: Մոտ 125 դրամի: Հեռախոսում մնացել էր 317 դրամ: Նշանակում է, ըստ տուժողի մոր, եղել են հեռախոսային խոսակցություններ, որոնք հանվել են:

Նա ներկայացրեց, թե ինչպես է ստացել Արտակի «վիրավորվելու մասին» լուրը: Երբ դուստրն ասել է, որ իրեն զանգել են եւ ասել, թե Արտակը վիրավորվել է, գնացել են զինկոմիսարիատ, որտեղ քաղաքացիական հագուստով ցինիկ մեկը մեջքով դեպի մայրն ասել է. «Տիկին, Ձեզ պետք է ասեմ, որ Ձեր տղան ինքնասպան է եղել»:  Վատ լուրը, ըստ որդեկորույս մոր, նման ձեւով կարող էր հայտնել միայն մարդասպանը:

«Իմ տղան նման ձեւով չէր կարող ինքնասպան լինել: Իմ տղան հավատում էր Աստծուն: Ինքնասպանությունն աններելի մեղք էր, ապաշխարության տեղ չի թողնում: Դա բացառվում է»,- ասաց տիկին Հասմիկը:

Նա ասաց, որ տղան սիրել է իր զինվորներին, մականուն չի ունեցել, ուներ երկրորդ անուն՝ Հովհաննես, եւ որ փորձում էր զբաղվել զինվորներին կրթելու գործով: Արտակը մորից խնդրել է հայ ժողովրդի պատմության գրքեր,  քարտեզներ: Տիկին Հասմիկի գնահատմամբ, իր տղայի «թերությունն» այն էր, որ որպես սպա, «քացու տակ չի գցել» իր զինվորներին, չի նվաստացրել նրանց արժանապատվությունը, կաշառք չի ուզել ամեն մի ապօրինության համար:

Դեռ դիակը Երեւան չբերված՝ Արտակի մարմնի ետեւից Տավուշ գնացած հարազատները հանդիպել են գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանին , որն ասել է. «Ա, դե, սպա չէր, էլի»:

Բազմաթիվ հարցականներ կային դեպքի վայրի հետ կապված: Ըստ Հասմիկ Հովհաննիսյանի, տղային ավելի շուտ են սպանել/քան դեպքի օրն է/, ապա տարել են խրամատ, ապա ազերի 4 դիպուկահարների դիմաց գտնվող բարձունքը. «Զենքը մի կերպ բերանն են մտցրել, մի կերպ ժայռին են հենել»: Կային բազմաթիվ հարցեր Արտակի գրպանում գտնված գրության հետ կապված, նրա ոգելից խմիչք օգտագործած լինելու հանգամանքների/որտեղ, ում հետ, ինչպես/, նրա մարմնին առկա 54 վնասվածքների մասին: Հասմիկ Հովհաննիսյանի կարծիքով, զինվորներին «ինստրուկտաժ» արած բերում են դատարաններ եւ որ բոլորը Արտակի սպանությունը տեսել են: «Նրանք սպանել են ոչ միայն Արտակին, այլ՝ ականատեսներին: Մեղավորներն այլ տեղում են»,- ասաց տիկին Հասմիկը: Դահլիճը ծափահարեց:

Ծափահարողներն ամբաստանյալների հարազատներն էին, որոնք գտնում են, որ իրենց որդիներն անմեղ են: Նրանցից մեկի գնահատմամբ՝ «Զինվորն արժե 75 դրամ: Զինվորը չի կարող սպա սպանել: Էն էլ՝ 6 ամսվա զինվորը»:

Դատական նիստին հետեւողներից շատերը լալիս էին, թե ինչպես է որդեկորույս մայրը վերապրում՝ Արտակի մահվան հանգամանքները ներկայացնելով: Ցուցմունքը դարձյալ ընդհատվեց տիկին Հասմիկի առողջության հետ կապված եւ նշանակվեց նոյեմբերի 29-ին:

Ամբաստանյալներից Մխիթար Մխիթարյանի մայրը նիստն ավարտվելուն պես շնորհավորեց որդուն՝ նրա ծննդյան օրվա առթիվ: Ասես ոչինչ չէր եղել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930