Այսօր ՄԱԱ-ում կադրային քաղաքականության մասին քննարկման ժամանակ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը հիշեց Արշակ Սադոյանի ասածը, որն, ըստ նրա, թեւավոր խոսք է դարձել՝ ավելի լավ է ՀՀՇ-ից լինի, թեկուզ «պոլի փետ» լինի: Շարունակելով այդ միտքը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ «պոլի փետի» այդ կարգախոսը վերջին 10 տարիներին իջավ «պոլի շորի» մակարդակին:
Aravot.am-ը պարոն Մակեյանից հետաքրքրվեց, թե, ըստ նրա՝ ովքե՞ր են հավակնում «պոլի շորի» պիտակին, ինչին ի պատասխան՝ պարոն Մակեյանը, նշելով, որ ինքը ընդհանուր գնահատական է տվել՝ ասաց. «Վերցրեք ցանկացած նախարար՝ օլիգարխ են, չէ՞: Նա կարո՞ղ է հասարակության շահը պահպանել: Որ նախարարի վրա մատդ ուզում ես՝ տար, եթե 10 տարվա ստաժ ունի, ուրեմն ավելի մեծ օլիգարխ է, 3 տարվա նախարարի ստաժ ունի, ուրեմն նորածին օլիգարխ է»: Մենք փորձեցինք ճշտել, թե պարոն Մակեյանի կարծիքով՝ ցանկացած նախարար հավակնում է «պոլի շորի» պիտակի՞ն, նա պատասխանեց. «Վարչապետից սկսած վերցրու: Վարչապետն ի՞նչ արեց, Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ դոլար-դրամ խաղով երկիրը սնանկացրեց՝ Քոչարյանի ընտանիքի հետ միասին եւ այսօր նա բարեփոխության անվան տակ տարբեր տեսակի ճոռոմ-ճոռոմ բանաձեւերով ու որոշումներով տնտեսությունը քանդում է, բայց իրականում մենք ունենք քանդվող, դատարկվող երկիր: Հիմա անվանական դա ասելը վիրավորական է, ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, դա ամբողջ համակարգին է վերաբերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ