Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում: Սակայն նույն օրենքը նաեւ թույլ է տալիս 12 շաբաթականից էլ բարձր դեպքում աբորտ անել, եթե այդ հղիությունը բռնաբարության արդյունք է կամ առողջության համար վտանգավոր: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը: «Ճիշտ է, եկեղեցին այլ կարծիք ունի աբորտների մասին, բայց եթե դա կատարվում է մոր եւ երեխայի առողջական տեսակետից ելնելով, ապա ես դա համարում եմ արդարացի եւ դա մարդու իրավունքն է: Աբորտ անող բժիշկը հանցագործ չէ, եթե դա օրենքի սահմաններում է»:
Ըստ բժշկի, շատ ավելի վտանգավոր հետեւանքներ են ունենում տնային պայմաններում դեղորայքային աբորտները. «Վերջում այդ կանայք արյունահոսությամբ հայտնվում են հիվանդանոցում եւ հաճախ զրկվում են կրկին հղիանալու հնարավորությունից: Այդ պրեպարատը ազատ վաճառվում է դեղատանը, ընդ որում՝ նույնիսկ աբորտների համար ցուցված չէ, ներդիր թերթիկը եթե վերցնեք ու կարդաք՝ կտեսնեք: Եթե կինը պետք է այդքան հասկանա, ու, միեւնույն է, գնալու է՝ ինքնուրույն անելու է աբորտ, ուզում եք՝ հարյուր հատ օրենք ընդունեք, էլի կանի»:
Բժշկի ներկայացմամբ՝ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները տարիներ հետո կհանգեցնեն ժողովրդագրական խնդրի: Aravot.am-ի հարցին՝ արդյոք սեռի նախապես որոշման արգելքն այդ խնդիրը չի՞ լուծի, բժիշկը պատասխանեց. «Մեր օրենքը թույլատրում է աբորտ մինչեւ 12 շաբաթական, իսկ սեռը երեւում է 12-ից հետո: Օրենքը կա, ամեն ինչը կա, միայն թող պահեն: Եթե այդ օրենքը ընդունենք, ձեզ թվում է՝ սեռը չե՞ն ասի: Եթե աբորտ անում են՝ սեռն էլ կասեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ