Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսը» Տիգրան Սարգսյանին

Նոյեմբեր 23,2011 16:02

Նախ ցանկանում եմ ասել, որ իմ նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված ձեր միջնորդությունը ողջունելի է: Այժմ բուն թեմայի մասին:

Համոզված եմ, որ քննչական խմբի մոտ առաջանալու են մի շարք հարցեր, եւ ստորեւ ներկայացրած իմ հարցադրումները կօգնեն քննությանը: Իսկ եթե այնուամենայնիվ անակնկալ մատուցեք հայ հասարակությանն ու փորձեք ազնիվ պատասխաննել իմ հարցերին, ապա նախօրոք, նախապատրաստվելով, դուք հնարավորություն կունենաք «լույս սփռել» տարիներով կուտակված «Նաիրիտ» գործարանի թնջուկի վրա: Եթե որևէ հարցի վերբերյալ դժվարություններ կունենաք, ապա կարող եք դիմել ինձ. խոստանում եմ մի կողմ թողնել  ինձ հասցված վիրավորանքները և լծվել հարցերի պարզաբանման գործընթացին, քանի որ դրանից կշահեն «Նաիրիտում» աշխատող շուրջ 20000 իմ հայրենակիցները, որոնց ճակատագիրը կապված է «Նաիրիտ» գործարանի հետ:

Եվ այսպես:

–  Ինչո՞ւ 2006 թ. չիրականացվեց «Նաիրիտ» գործարանի ուղիղ վաճառք: Ինչո՞ւ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստեռլինգ կապիտալ, տրվեց «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը գրավադրելով «Նաիրիտ» գործարանը, կարողացավ վերցնել 70 միլիոն դոլար վարկ:

–  Ինչո՞ւ 70 միլիոն վարկի միայն 39 միլիոն դոլարն է «եկել» Հայաստան, իսկ 31 միլիոնը մինչ օրս համարվում է անհետացած:

– Ինչո՞ւ 2006 թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հանդիսանում էր նաեւ Միջպետական բանկի կառավարիչ, տվեց համաձայնություն եւ թույլտվություն, որպեսզի 70 մլն. դոլարը նստի օֆշորային ֆիրմայի հաշվեհամարին: Թե՞ մեկ այլ ճանապարհով է 39 միլիոն դոլարը գումարը մուտքագրվել պետբյուջե:

– Ովքե՞ր են «Rhinoville Property Limited»-ի իրական սեփականատերը. ինչո՞ւ են նրանք տարիներ շարունակ թաքնված մնում: Ինչո՞ւ նույնիսկ «Նաիրիտում» տեղի ունեցած խոշոր վթարից հետո  էլ նրանք ի հայտ չեն գալիս:

Երբ հայաստանյան լրատվամիջոցները բարձրաձայնում էին, որ «Նաիրիտի» արտադրանքը չափազանց էժան գնով` մեկ տոննան 2 հազար 700 դոլարով է արտահանվում, եւ փորձում էին ստանալ պարզաբանումներ, «Նաիրիտի» 10 տոկոս պետական բաժնեմասի պատասխանատու հանդիսացող էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արդարանում էր, թե «…մեր ապրանքի գինը դա է շուկայում»: Սակայն միջնորդ կազմակերպությունները կաուչուկի մեկ տոննան սպառողին են հասցնում 3,5 հազար դոլարից ավելի արժեքով: Իմ  հաշվարկներով, 2006 թ.-ից մինչ օրս այդ միջնորդ կազմակերպությունների ստացված շահույթը կազմում է 30 մլն. դոլարից ավելի:

–   Արդյոք նախարարը միտումավոր իրեն դնում էր չիրազեկվածի տե՞ղ: Ո՞ւմ գրպանն էր գնում վաճառված կաուչուկի մեկ տոննայից մնացած 4 հազար դոլարից ավելի գումարը…

– «Նաիրիտ» գործարանի աշխատավորներն ինձ, որպես ՀՌԱԿ կուսակցության ղեկավարի, հարցնում են` արդյոք գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 550 մլն. դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը ներառյալ) ստանում է 60 մլն. դրամ: 900 հոգանոց ուռճացված ադմինիստրատիվ-վարչակազմը ստանում է 320 մլն. դրամ աշխատավարձ, իսկ հիմնական բարիք ստեղծող ու կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատող 2 հազար 100 մասնագետները ստանում են ընդամենը 170 մլն. դրամ աշխատավարձ: Գուցե «Նաիրիտ» գործարանի  աշխատավորների այս հարցին դո՞ւք պատասխանեիք պարոն վարչապետ:  Արդյոք այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:

– Արդյոք «Նաիրիտը» չի՞ բռնել արհեստական սնանկացման ճանապարհը, քանի որ ներկայիս ղեկավարներն իրականացնում են գործողություններ բիզնեսի շահութաբերությանը հակառակ` ընդունելով հարյուրավոր վարչական աշխատակիցներ` բարձր աշխատավարձով (երկարաոտ քարտուղարուհիներ, օգնականներ, խորհրդականներ, բացում անիմաստ բաժիններ եւ ալն), այն պարագայում, երբ կուտակված են բազմաթիվ պարտքեր: Արդյոք վերջին ժամանակներս գործարանից մետաղի ջարդոնի անվան տակ չի՞ արտահանվում կաուչուկի արտադրությանը խիստ անհրաժեշտ սարքավորումներ` խթանելով սննկացման գործընթացը:

– Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր` սեփականատիրոջ կողմից պայմանագրային բազմաթիվ պարտավորությունները չկատարելու եւ պատժելու առիթով: Ինչո՞ւ «Նաիրիտի» բաժնետոմսերը հետ չեն վերադարձվում իրական տիրոջը` ՀՀ կառավարությանը:

– Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ գործարանի պայթյունից օրեր առաջ, ֆինանսական խնդիրներ ունեցող  նույն գործարանի  հաշիվներից,  երկրից դուրս է փոխանցվել 30 միլիոն դոլար, որից 22 միլիոնը դեպի դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, իսկ 8 միլիոնը «Rhinoville Property Limited»-ին: Հիշեցնեմ նաև, որ այդ օրերին գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը լրատվամիջոցներին հաղորդել է, որ 150,000 դոլար ունենալու  դեպքում  հնարավոր  էր խուսափել  պայթյունից, հետևաբար և զոհերից, և ինչո՞ւ այդ ահռելի գումարից չի ներդրվել պայթյունվտանգ արտադրամասի վերազիննման համար:

Սկզբի համար կարծում եմ հարցերի վերը բերված խմբաքանակը բավարար է:

Մնացածը`  հաջորդ  դասին…

ՀՀ  քաղաքացի  Հարություն  Առաքելյան,

համատեղության կարգով

Աշխարհասփյուռ  Ռամկավար  Ազատական  կուսակցության

 գործադիր-փոխատենապետ,

 ՀՌԱԿ  ատենապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930