Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ «Մաթեմատիկա» առարկայի Շտեմարանների առաջին մասը պատրաստ կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայինը՝ մինչեւ դեկտեմբերի վերջ: Նպատակն, ըստ նրա, կանխատեսելի քննություններ ունենալն է. «Վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության արդյունքում եկանք այն եզրակացության, որ ընդհանրապես ընդունելության քննությունները պետք է հեշտացնել, հնարավորինս կանխատեսելի ընթացք տալ: Արդյունքում որոշվեց, որ այս տարի պետք է սկսենք Շտեմարաններ հրատարակել, որոնց հիման վրա էլ կկազմվեն քննական թեստերը»:
Բոլոր առարկաների գծով ուղեցույցները նույնպես պատրաստ են եւ առաջիկայում անվճար կտրամադրվեն դպրոցներին, իսկ Շտեմարանները կվաճառվեն որոշ գրախանութներում, մնում է՝ կառավարությունը սահմանի համապատասխան գին:
Շտեմարանում ընդգրկված առաջադրանքների քանակը նվազագույնը 5000 է, Գ. Խաչատրյանի հավաստմամբ, ամեն տարի առաջադրանքները կթարմացվեն 10 %-ով: Ինչպես հայտնեց ԳԹԿ տնօրենը, քննական թեսթերն այս տարի էլ կտպագրվեն Լոնդոնում, որովհետեւ. «Կոռուպցիոն ռիսկը միշտ էլ կա, պետք չէ շտապել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ շուտով