Ռուսական «Одноклассники» սոցիալական ցանցն այսօր հայտարարել է, որ բացում է իր օգտատերերի տվյալները որոնողական համակարգերի համար: «Ռիա Նովոստին» վկայակոչում է «Одноклассники» ոոցցանցի ղեկավար Իլյա Շիրոկովի հայտարարությունը, թե այժմ իրենց օգտատերերի էջերը մատչելի են որոնողական համակարգերին՝ ինդեքսացիայի համար: Ըստ նրա՝ դա կհեշտացնի ծանոթների որոնումը:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը վստահեցնում է, որ բոլոր օգտատերերին կտեղեկացնեն փոփոխությունների մասին: Նրանց կառաջարկվեն գաղտնիության նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ ինդեքսացիայի համար էջը կարելի է փակել ամբողջությամբ կամ մասնակիորեն:
Առաջին որոնողական համակարգը, որի համար մատչելի կլինի «Одноклассники»-ի տվյալների բազան՝ կդառնա Mail.ru-ն: Մեկ շաբաթ անց նրան կմիանա «Яндекс»-ը, ինչպես նաեւ այլ որոնողական համակարգեր: