Երեկ Լուսակերտի զորամասում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցների թվում նշվում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականի անունը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Այվազյանը հաստատեց, որ ծեծկռտուքի անդամներից մեկն իսկապես իր «հեռավոր ազգականն» է. « Ես այդ մասին տեղեկացել եմ ուշ ժամի՝ երեկոյան, որ իմ հեռավոր ազգականներից մեկը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Երբ գնացի հիվանդանոց, միջանցքում մի զարհուրելի տեսարանի ականատես եղա, այդ երեխային տանում էին հետազոտման: Նա այնպես էր ծեծված, որ ուղղակի անճանաչելի էր»:
Սմբատ Այվազյանի մեկնաբանմամբ՝ այդ միջադեպի շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացնելը պարզապես «իշխանությունների կողմից սարքած շոու է»: Ըստ նրա. «Այդ կերպ նրանք փորձում են կոծկել, շեղել իրականությունը բանակում տիրող իրավիճակի մասով: Ինչ-որ մեկ էպիզոդ են գտել, որ ասեն բանակում տիրող ներկայիս մթնոլորտի պատճառը հասարակությունն է: Ես կարծում եմ՝ սա քաղաքացիական հասարակության դեմ է ուղղված, քանի որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ պայքար է տանում բանակում տիրող իրավիճակի համար: Ես նույնիսկ տեղեկություն ունեմ, որ զինվորականները տեղում կարող էին կանխել այդ ամենը, որպեսզի այս կարգի ծեծկռտուքի չհասներ, այս հնչեղությունն անհասկանալի էր»:
Պարոն Այվազյանի խոսքերով. «Ես իմ այդ ազգականին փոքրուց ճանաչում եմ եւ բացառվում է, որ նա մեղավոր լինի: Ինքն առողջական խնդիրներ ունեցող երեխա է եւ երբեք ագրեսիվ պահվածք չի ունեցել: Ես կարծում եմ՝ այնտեղ ինչ-որ միջադեպ է եղել, քաշքշուք է եղել, ինչի արդյունքում այդ ծեծկռտուքն առաջացել է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ