Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ արյունն էր ժայռաբեկորին

Նոյեմբեր 23,2011 14:15

Լեւոն Պետրոսյանը կդատակոչվի՞ բանակում սպանված Արտակ Նազարյանի  գործով դատարան

 Արտակ Նազարյանի սպանության գործով  այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանն արտագնա հերթական նիստն էր հրավիրել  մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ու Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին: Դատավորը հրապարակեց բացարկը մերժելու մասին որոշումը:

Հայտարարությամբ հանդես եկած Ռուբեն Մարտիրոսյանն

ասաց, որ հանցագործության մասին հաղորդումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Դատախազը հայտնել էր, թե այն ուղարկվել է դատարան: Ի վերջո, պարզվեց, որ հաղորդումն իսկապես ուղարկվել է դատարան, որի ընթացքը կլուծվի ապացույցների հետազոտումից հետո:

Ռ.Մարտիրոսյանը նշել էր, թե նախաքննության ժամանակ կատարվել են մի շարք հանցագործություններ: Մասնավորապես,Արտակ Նազարյանի  դիակը գտնվել է ոչ թե բարձունքում, այլ խրամատում:

«Թե ինչու եւ ինչպես է դիակը հետագայում հայտնվել բարձունքում, խորհրդավոր գաղտնիք է, ռեբուս, որը չենք կարող լուծել»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը: Նա ուշադրություն հրավիրեց դեպքի վայր մեկնած քննիչի գործողություններին: Քննիչ Լեւոն Պետրոսյանն արձանագրել էր, թե ժայռաբեկորի վրա արնանման հետքեր են: Սակայն արյան նմուշ չի վերցվել, չի պարզվել, թե Արտակի արյան խմբի՞ն է համապատասխանում, թե՞ այդ ակնարկված արյունը պատկանում է, ասենք, որեւէ կենդանու:

Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, խորհրդավոր գաղտնիք է նաեւ այն, որ Արտակ Նազարյանի ստացած 120 փամփուշտները տեղում են. «Քննիչը կրակել է օդ, եւ փամփուշտը դարձյալ տեղում է»: Տարօրինակն այն է, որ քննիչը ձգաբանի դեր է ստանձնել, ինչն անթույլատրելի է:

Դատարանում իրավապաշտպանը հայտարարեց նաեւ Արտակի վրա հայտնաբերված 54 մարմնական վնասվածքների մասին:  Քննիչները գործը տարել են այնպես, որ անտեսվի բժշկական եզրակացությունը, սպանությունը որակելով ինքնասպանություն:

Տուժողի իրավահաջորդները միջնորդեցին, որ նախաքննությունն իրականացրած երկու քննիչները՝ Լեւոն Պետրոսյանն ու Սարգիս Մադաթյանը դատակոչվեն իբրեւ վկա: Դատարանը հայտարարեց, թե ապացույցների հետազոտությունից հետո «հավանաբար» կբավարարվի միջնորդությունը:

Քիչ առաջ ցուցմունք պիտի տար Արտակի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Նա հասցրեց ասել, թե մանկավարժների ընտանիքի զավակ է, որ եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ, որի անդամներն էին Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Բագրատ Շահվերդյանը, Շահեն Հարությունյանը, Անդրանիկ Մարգարյանը: Հասմիկ Հովհաննիսյանը խոսելիս հուզվեց, եւ դատարանը հայտարարել է 1 ժամ ընդմիջում:

Այդ ընթացքում դահլիճում լսվեցին իրենց զավակներին բանակում կորցրած մայրերի հուզմունքի ճիչերը , դատական կարգադրիչները փորձում են ջուր հասցնել, օգնել նրանց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930