Ճիշտ կահավորված աշխատատեղը, նստելու ճիշտ դիրքն աշխատանքի ընթացքում թույլ են տալիս նվազագույնի հասցնել առողջության վրա համակարգչի բացասական ազդեցությունը: Ըստ doctor.ru-ի՝ համակարգիչ օգտագործողների մեծամասնությունը մեծ նշանակություն չի տալիս իր աշխատանքային տեղին. համակարգչի մոնիտորը ցածր է տեղադրվում, լույսի աղբյուրներն՝ անհաջող, ձեռքերն անհարմար են դրվում ստեղնաշարին: Այս ամենի հետեւանքով՝ ժամանակի ընթացքում առողջական խնդիրներ են առաջանում, գերհոգնածություն:
Ինչպե՞ս կարելի է նվազեցնել համակարգչով երկար աշխատանքի անցանկալի հետեւանքները:
Կարեւոր է մոնիտորի դիրքն աչքերի, լուսավորության աղբյուրների նկատմամբ, աթոռի բարձրությունը: Լուսավորությունը համակարգչով աշխատանքի ընթացքում պետք է շատ վառ չլինի, բայց նաեւ չպետք է ամբողջությամբ բացակայի:
Աթոռը դրեք այնպես, որ պատուհանը ձեր առջեւում չլինի: Եթե դա անխուսափելի է՝ մուգ վարագույրներ կախեք, որոնք կմեղմացնեն լույսը: Եթե պատուհանը կողքից է՝ լուծումը նույնն է:
Կարդացեք նաև
Մոնիտորի էկրանը պետք է բացարձակ մաքուր լինի: Այն շաբաթը նվազագույնը մեկ անգամ մաքրեք՝ գերադասելի է հատուկ անձեռոցիկով կամ դրա համար նախատեսված հեղուկով:Մոնիտորը եւ ստեղնաշարը աշխատանքային սեղանին դրեք ուղիղ, ոչ մի դեպքում՝ թեք:
Էկրանի կենտրոնը պետք է ձեր աչքերի մակարդակի վրա լինի կամ քիչ ներքեւ: Գլուխն ուղիղ պահեք՝ առանց առաջ թեքելու: Պարբերաբար մի քանի վայրկյանով փակեք կոպերը՝ թող աչքի մկանները թուլանան ու հանգստանան:
Մոնիտորի էկրանը պետք է աչքերից հեռու լինի մոտ 50-60 սանտիմետր: Եթե այդ հեռավորության վրա վատ եք տեսնում պատկերը՝ մեծացրեք տառատեսակը:
Մոնիտորի էլեկտրամագիտական ճառագայթումը կողքից եւ հետեւից ավելի շատ է, քան դիմացից: Համակարգիչը սենյակի անկյունում տեղադրեք այնպես, որ դրա վրա չաշխատողները չհայտնվեն մոնիտորի կողքին կամ հետեւում: Հիշեք հարեւան սենյակում գտնվողների մասին՝ ճառագայթման համար խոչընդոտ չեն պատերը:
Ճիշտ է համակարգչի առջեւ մեջքը մի քանի աստիճանով հետ նստելը: Այս դիրքը թույլ է տալիս թեթեւացնել ողնաշարի լարվածությունը, բարելավվել արյան շրջանառությունը: Ցանկալի է, որ ընտրվի այնպիսի աթոռ, որը հնարավորություն է ընձեռում կարգավորել նստելատեղի բարձրությունը եւ թիկնակի թեքվածությունը: Իդեալական աթոռի թիկնակը կրկնում է ողնաշարի թեքվածության ձեւը: Աթոռը պետք է փափուկ չլինի:
Հաճախ օգտագործվող այլ իրերի տեղադրությունը չպետք է պարտադրի երկար գտնվել թեքված վիճակում: Աշխատանքային տեղում կողմնակի աղմուկը պետք է բացառվի՝ սա առաջացնում է գերհոգնածություն:
Համակարգչով աշխատելիս ամեն ժամվա ընթացքում տաս րոպե ընդմիջում արեք, որի ընթացքում հեռուն նայեք, վեր կացեք աթոռից, վարժություններ արեք կամ ուղղակի քայլեք: