Կուրթանի խնդիրներն ու լավատեսությամբ լցված գյուղացիները
Վանաձոր-Կուրթան ավտոբուսում նստած պապիկները զրուցում էին: Թեման մարդկանց ապրելակերպի, գյուղի հոգսերի, աշխարհի դրվածքի մասին էր:
«Երեք երեխաներիցս եւ ոչ մեկը այստեղ չի բնակվում, մեզ էլ են ասում՝ եկեք, բայց դե չենք կարող. կինս վատառողջ է»,- ասում է պապիկներից մեկը: Մյուսն է շարունակում. «4 զավակներիցս 3-ն են գնացած, մեկը գյուղում է, ինձ հետ է բնակվում, բայց տեսնելով եղբայրների բարեկեցիկ կյանքը՝ նա էլ է ուզում գնալ, կյանք անել»:
Կուրթանը Լոռվա գյուղերից է՝ իր հարուստ պատմությամբ, չնաշխարհիկ բնությամբ, ճարտարապետական կոթողներով, հյուրասեր մարդկանցով: Գյուղը հիմնադրվել է 1750-60-ական թվականներին, հիմնական եկվորները՝ գյուղ հիմնադրողները, մշեցիներն ու ղարաբաղցիներն են եղել: Կուրթան նշանակում է գաղութ. հին հունարենից վերցված բառարմատ է:
Թեեւ այսօր այդքան էլ ուշադրություն չի դարձվում գյուղի պատմամշակութային կոթողներին, բայց Կուրթանը կարող է հպարտանալ իր եկեղեցիներով, մատուռներով, խաչքարերով: «Հնեվանքը հիմնվել է 7-9-րդ դարերում, 1100-ականներին այն նորոգել են Օրբելյանները, եւ քանի որ այդ ժամանակ Լոռի-Փամբակը գտնվում էր վրաց իշխանության ներքո, Օրբելյանները Թամարա իշխանուհուն հաճոյանալու համար դամբարանների վրա վրացական արձանագրություններ են կատարել, եկեղեցու ճակատային հատվածում քաղկեդոնական խաչ է քանդակված: Ու այս փաստերի իրողությունն էլ ներկայում վրացիներին առիթ է տալիս, որ ասեն՝ եկեղեցին իրենք են կառուցել, քաղկեդոնական է: Բայց մասնագետներն ասում են, որ թեեւ արձանագրությունները վրացատառ են, բայց իմաստը հայերեն է»,- ասում է գյուղի փոխգյուղապետ Հարություն Կիրակոսյանը:
Գյուղում է գտնվում նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը շատ ավելի հին կառույց է (մոտ 4-րդ դար): «Ներկայում ցանկանում ենք բարեկարգել վանքը, ցանկապատել: Եվ դա արվում է գյուղապետարանի բյուջեով, իսկ հոլանդացի բարերարը, ով արմատներով սասունցի է, մեզ ապահովելու է գույքով: Ուզում ենք, որ եկեղեցին վերջապես վերաօծվի ու դառնա գործող»,- նշում է գյուղի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:
Գյուղապետը համայնքի համար առաջնային խնդիր է համարում գյուղի միջնամասից մինչ գյուղի դպրոց տանող ճանապարհի նորոգումը, որի երկարությունը ընդամենը 300 մետր է: «Երբ նորոգվում էր միջհամայնքային ճանապարհը, ինքս խնդրեցի, որ աշխատող խումբը այդ 300 մետրն էլ բարեկարգի, քանզի գյուղի հիմնական նշանակության վայրերը այդ ճանապարհով են անցնում՝ դպրոց, մշակույթի տուն, գյուղի պատմության թանգարան, մանկապարտեզ, բայց դե չարեցին: Դա մեզ համար մեծ խնդիր է. 9 կիլոմետր նորոգեցին, բա 300 մետրի եղածն ի՞նչ էր»,- նեղսրտեց գյուղապետը:
Այստեղ գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, բայց այսօր գյուղին պատկանող ոչ բոլոր հողերն են մշակվում: «Գյուղում հակակարկտային կայաններ չկան: Անցյալ ամիս արտակարգ իրավիճակների նախարարությունից եկան ու ասացին, որ կտեղադրեն, բայց մինչեւ հիմա չեն տեղադրել: Չկա նաեւ ոռոգման համակարգ, խմելու ջրի համակարգն էլ շատ հին է ու հաճախակի է խողովակներ փոխելու խնդիր առաջանում»,-իրենց խնդիրները թվարկելով ավելացնում է գյուղապետը:
Գյուղի խնդիրներն անսպառ են, բազմաթիվ, անընդհատ կարելի է խոսել դրանց մասին, բայց կուրթանեցին հույսը չի կորցնում, ամեն օր արթնանալով՝ առավոտ լուսոյի ու արեգակն արդարի ակնկալիքով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ