Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնը՝ օպերային մշակի հոբելյանին

Նոյեմբեր 23,2011 13:40

ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանը 40 տարի բեմական գործունեություն է ծավալել

Վերջերս իր հարցազրույցում նշանավոր սոպրանո Հասմիկ Պապյանն ասաց. «Լավ է բեմը թողնել 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ»՝ այս միտքը վերագրելով իր պրոֆեսորին՝ Տաթեւիկ Սազանդարյանին։ Աշխարհահռչակ Լուչիանո Պավարոտիին պատկանող հիշյալ պատգամը յուրովի է արտացոլվել օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Կոնստանտին Սիմոնյանի կենսագրության մեջ։

Այսօր Ազգային օպերային թատրոնը Կ. Սիմոնյանի բեմական գործունեության 40-ամյակի առիթով երգչին է նվիրում Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» ներկայացումը, որտեղ նա հանդես կգա գլխավոր դերերգով։ Արվեստագետի վերջին բեմելը 2008-ին էր՝ Արքա Վախթանգի դերերգով Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերային ներկայացման մեջ։ Ինչպես ընդունված է աշխարհի օպերային թատրոններում, մեզ մոտ եւս բեմը թողնելուց հետո որոշ բարձրակարգ երգիչներ զբաղվում են փորձավարությամբ, դերուսույցությամբ, ռեժիսուրայով։ Ժամանակին հայտնի անուններ՝ Գոհարինե Մելքումյանի, Արաքսյա Անանյանի, Դավիթ Պողոսյանի օրինակով այսօր իրենց փորձն են փոխանցում Ալիս Հեքիմբաշյանն ու Կոնստանտին Սիմոնյանը։

Կ. Սիմոնյանը գործընկերներին եւ թատերասերներին հայտնի է որպես դրամատիկական ու ողբերգական դերերի մեկնաբան, արտիստ, որի բարիտոնը գերհագեցված է մարդկային բուռն ապրումների գույներով, թախիծով, ընդվզումով, բողոքով ու հերոսականությամբ, միեւնույն ժամանակ՝ անդրդվելի կամքով եւ խորը զգացմունքայնությամբ։ Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ այդ «անսանձն կրքերի» արտիստը նուրբ ու զգայուն անձնավորություն է, ինչ որ տեղ էլ՝ մանկական անմիջականության մարդ։ Հայտնի է նաեւ, որ երգիչը առաջիններից էր, ով 30 տարի առաջ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում անվանի բեմադրիչ Վահագն Բագրատունու ռեժիսուրայով բեմ բարձրացավ Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» ներկայացումների պրեմիերաներին։ Ինչ վերաբերում է օպերային թատրոնին, նրա առաջին մեծ դերերգը 1986 թ. Մարսելն էր՝ Պուչինիի «Բոհեմում», ինչին հաջորդեցին շուրջ քսան տասնյակ դերերգեր Սպենդիարյանի, Տիգրանյանի, ինչպես նաեւ համաշխարհային օպերային հանրահայտ կոմպոզիտորների՝ Վերդիի, Բիզեի, Դոնիցետիի, Չայկովսկու եւ այլոց նշանավոր օպերաներում։ 1986-87թթ. անվանի բարիտոններ Միհրան Երկաթի եւ Արշավիր Կարապետյանի՝ կյանքից հեռանալուց հետո, Կ.Սիմոնյանը տարիներ շարունակ լուռումունջ իր ուսերին տարավ բարիտոնի համար գրված գլխավոր դերերգերը։ Երգչի գլուխգործոցը համարվում է Սեւերոսի դերերգը՝ Դոնիցետիի «Պողիկտոսում» (1993թ)։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Կ. Սիմոնյանը հիշեց 1990-ականների սկիզբը, երբ կոնկրետ առաջարկներ են եղել տեւական ժամանակահատված աշխատելու Ռումինիայի եւ Բուլղարիայի թատրոններում, սակայն ինքը հրաժարվել է: «Հյուրախաղերի պահով խնդիր չեմ ունեցել, հանդես եմ եկել Ռուսաստանի, Ռումինիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ այլ երկրների թատրոններում։ Ինչ խոսք, արվեստագետի, մասնավորաբար՝ օպերային երգչի  համար անհրաժեշտ են շփումները օտարազգի կոլեգաների հետ եւս, սակայն մեր օպերային թատրոնում իբրեւ գործընկերներ ունեցել եմ այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Ելենա Օբրազցովան, Մարիա Բիեշուն, Գոհար Գալաչյանը, Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Հասմիկ Հացագործյանը, Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորներ Դավիթ Պողոսյանը, Տիգրան Լեւոնյանը, Նորայր Սարգսյանը, դիրիժորներ Յուրի Դավթյանը, Օհան Դուրյանը, Սուրեն Չարեքյանը, Արամ Քաթանյանը, Հակոբ Ոսկանյանը եւ ուրիշներ»,- ասում է Կ. Սիմոնյանը։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930