Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերական գիտությունը կարեւոր է, օրիգինալ գիտությունը՝ ավելի

Նոյեմբեր 23,2011 13:38

Ալեն Սարկիսյանը տպավորված է համաժողովից:

Կամ ինչպես շահագրգռել երիտասարդ աստղագետներին

Արեգ Միքայելյանը աստղագիտության մեջ սեռային սահմանափակում չի տեսնում:

Երեկ բացվեց ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանսը՝ «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվել է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Տաջիկստանի 29 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ, ինչպես նաեւ եվրոպացի, ռուս, հայ դասախոսներ: Կոնֆերանսի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից, նախատեսված էին գործնական պարապմունքներ, այցելություն Բյուրականի աստղադիտարան:

Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ կոնֆերանսը հոբելյանական միջոցառումներից վերջինն է, ու քանի որ խորագիրն է՝ «Երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ», այդ պատճառով վիրտուալ աստղագիտությամբ զբաղվող մասնագետների են հրավիրել՝ երիտասարդ մասնագետների համար գործնական պարապմունքներ անցկացնելու: «Այժմ հատուկ էլեկտրոնային միջավայր է ստեղծված աստղագիտության մեջ: Հայաստանում նույնպես ունենք վիրտուալ աստղագիտության պրոյեկտ, դասախոսություններ ենք ներկայացնելու նաեւ հայկական վիրտուալ աստղադիտարանի մասին»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ կոնֆերանսին մասնակից բոլոր երիտասարդների համար պարտադիր պայման է եղել զեկուցումներով հանդես գալը. «Կոնֆերանսը իրենց աշխատանքները ներկայացնելու լավ ամբիոն է, մանավանդ հեղինակավոր կոնֆերանսի հնարավորություն ոչ միշտ է, որ նրանք ունեն: Տարեկան գուցե 1-2 երիտասարդ կարողանա մասնակցել նման կոնֆերանսի, իսկ Հայաստանում այդպիսի կոնֆերանսի կազմակերպումը շուրջ 20 երիտասարդի համար նոր համագործակցությունների հնարավորություն է ստեղծում: Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ իրեն լավ դրսեւորած երիտասարդը հնարավորությւոն է ստացել ընդգրկվելու միջազգային նախագծում»:

Պարոն Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք աստղագիտությունը ոչ կանացի մասնագիտություն է: Նա կարծում է, որ գիտության մեջ սեռը կարեւոր չէ, մանավանդ ներկայումս միտում է նկատվում գիտության մեջ 15%-ով ներգրավված կանանց թիվը ողջ աշխարհում հասցնել 50 %-ի: Պարոն Միքայելյանը վստահեցնում է, որ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում խրախուսվում է աղջիկների մուտքը գիտություն: Անվանի հայ կին աստղագետի փայլուն օրինակ է ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանը, Արեգ Միքայելյանի խոսքով, արտասահմանում էլ քիչ չեն անվանի կին աստղագետները եւ ամուսնական զույգերը, ինչպես, օրինակ, Մարգրեթ եւ Ջեոֆրեյ Բարբիջները՝ ԱՄՆ-ից, ավստրալացի Բոկ զույգը, Գալակտիկաների հանձնաժողովի նախագահը եւս կին է՝ ավստրալացի Էլեն Սադլերը: Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավարը թվարկելիս հիշեց նաեւ Միջազգային աստղագիտական միության նախորդ նախագահ ֆրանսուհի Քատրին Ցեսարսկուն:

Զրուցեցինք Ֆրանսիայից ժամանած աստղագետ Ալեն Սարկիսյանի հետ՝ LATMOS լաբորատորիայից: Նա ոգեւորված էր հայաստանյան կոնֆերանսով ու այն ջանքերով, որ ներդրված են երիտասարդ աստղագետներին խրախուսելու համար: Պարոն Սարկիսյանը ցանկանում է, որ վերանա այն թյուր մտայնությունը, թե գիտությունը Հայաստանում մեռած է. «Վստահ եմ, որ վաղը այստեղ մի նոր Վիկտոր Համբարձումյան կծնվի»: Ա. Սարկիսյանը 25 տարի առաջ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ասում է՝ կցանկանար Հայաստանի հետ համագործակցել եւ վերադարձնել այն, ինչ ժամանակին իրեն տվել է հայրենիքը: Նա կարծում է, որ երիտասարդները պետք է նախաձեռնող լինեն եւ հանդես գան հեղափոխական գաղափարներով, այլապես նրանց արածը գիտության ոլորտում ոչ մեկի չի հետաքրքրի. «Օրինակ, եթե ես ուսումնասիրում եմ աստղ, հետաքրքիր է, բայց ժողովուրդը չի ձգտում շատ բան իմանալ, իսկ երբ ասում ես՝ ես նոր մոլորակ եմ գտնելու, սա արդեն ուրիշ է… Տիեզերական գիտությունը կարեւոր է, օրիգինալ գիտությունը՝ ավելի»: Ասում է՝ աղջիկները Ֆրանսիայում ավելի քիչ են, Հայաստանում ավելի շատ են:

Երիտասարդ գիտնական Էմանուիլ Արզումանյանը եւս Ֆրանսիայից է ժամանել: «Ֆրանսիա կաշխատիմ, PHD ըրած եմ, կաշխատիմ ատմոսֆերներու վրա, իմ գործս ավելի էքսպերիմենտալ ֆիզիկոքիմի է: Շատ ուրախ եմ, որ հոս եմ՝ այս կոնֆերանսին, ամենն ալ հոս կհավաքվին, իրարու հետ կծանոթանան, կփոխանակեն միտքեր: Բյուրականի աստղադիտարանում դեռ չեմ եղած, կուզեմ մի քանի ամիս գամ հոստեղը աշխատիմ»,- ցանկություն է հայտնում նա:

Գոհար Հարությունյանը կոնֆերանսին ներկայացնում է Երեւանի պետական համալսարանը եւ Բյուրականի աստղադիտարանը: Ոգեւորված է՝ փորձի ձեռքբերման եւ գիտական շփումների բացառիկ հնարավորություն է բացվել: Չի համարում, թե աստղագիտությունը միայն տղամարդկանց համար է. «Աստղագիտությունը ժամանակի ընթացքում առաջ է գնացել, ու հիմա պարտադիր չէ գիշերով գնալ նստել ցուրտ դիտակի մեջ, դիտակը պտտել այս ու այն կողմ: Հիմա ամեն ինչ ավտոմատացված է, հեշտ է ամեն ինչ կատարվում, եւ տարբերություն չկա՝ մասնագետը կի՞ն է, թե՞ տղամարդ՝ աստղագիտութան մեջ: Կուզենամ, որ նման կոնֆերանսներ ավելի շատ կազմակերպվեն Հայաստանում, քանի որ «դրսի» համեմատ մեզ մոտ ավելի քիչ են նման հավաքները»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930