Փողաբեր համակարգիչը հայտնաբերվեց
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Մոսկվա քաղաքի բնակիչ Միքայել Թումասյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, իսկ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության դատախազ Հովսեփ Սարգսյանն առաջիկայում հանդես կգա մեղադրական ճառով:
«Զվարթնոց» օդանավայանում ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղեբեռի զննման արդյունքում բռնվեց Մոսկվայից Երեւան ժամանած Միքայել Թումասյանը:
Նրա ուղեբեռում հայտնաբերվել էր բանկային կեղծված 32 քարտ, բանկային քարտերի պատրաստման եւ դրանցում՝ մագնիսական ժապավենների վրա տեղեկություններ գրառելու համար անհրաժեշտ սարքավորումը, «Վիզա» եւ «Մաստեր քարտ» համակարգերի պլաստիկ քարտերը կեղծելու համար անհրաժեշտ թվով 45 հոլոգրաֆիկ լոգո-պիտակները, ստորագրության համար նախատեսված 23 կեղծ շերտերը, դյուրակիր համակարգիչը, 3 կոշտ սկավառակները:
Միքայել Թումասյանը «cardingworld» եւ «maza faka» համացանցային ֆորումներում՝ «matrix» եւ «gildersleeve» համացանցային կեղծանուններով հանդես եկող հաճախորդների հետ համացանցով շփումների ընթացքում ձեռք էր բերել հմտություններ՝ փաստաթղթեր հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու, դրանց միջոցով կամ դրանց վրա գրառված տեղեկությունների օգտագործմամբ հափշտակություններ կատարելու գործում: Ըստ գործի նյութերի, Մ. Թումասյանը դեռեւս Մոսկվայում, համացանցով, շփումների ժամանակ ծանոթացել է «Loader» մականունով անձնավորության հետ ¥ինքնությունը չի պարզվել- Ռ. Մ.): Մականունավորը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank» բանկի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները՝ «դամպերը», եւ PIN ծածկագրերը: Դրանց օգտագործմամբ պետք է պատրաստվեին բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ՝ «Citibank»-ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար: Իր «աշխատանքի» դիմաց «Loader»-ը պահանջում է 65 տոկոս մասնաբաժինը։
Բանկոմատահենության սահմաններն ընդլայնելու միտք է ծագում. «զարմացնել» Ամերիկան: Մ. Թումասյանը դիմում է «պրոֆեսիոնալի»՝ քարտային զեղծարարությունների փորձ ունեցող Ռոբերտ Շահբազյանի ծանոթին՝ Մեքսիկայում բնակվող, ՀՀ քաղաքացի, «Աշոտ» անվամբ հանդես եկող Միհրան Չանգուլյանին։ Վերջինս 35 տոկոսը հավասար կիսելու պայմանով, վերոհիշյալ տեղեկությունները ստանալու դեպքում ԱՄՆ-ում բնակվող ծանոթների միջոցով պետք է կազմակերպեր բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստումը։ Տեղեկատվական տվյալների՝ «գողոնի» 65 տոկոսը փոխանցվելու էր «WebMoney Transfer» էլեկտրոնային վճարային համակարգի Ուկրաինայի տարածքում գրանցված, նույնացման համարով փոխանակման կետի էլեկտրոնային դրամարկղին, պաշտպանիչ ծածկագրով, 5 օրվա ընթացքում:
Դատաքննության ժամանակ նաեւ շեշտվեց, որ ձեւավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները գործել են Ռուսաստանի, Մեքսիկայի եւ Ամերիկայի տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով։
Խմբում էին «Loader»-ը, Միքայել Թումասյանը, Միհրան Չանգուլյանը, վերջինիս ամերիկաբնակ քենակալը՝ Վարդան Աբդուլյանը, ոմն Վահան:
Մ. Թումասյանը քարտերի կեղծման համար պետք է «Loader»-ից համացանցի միջոցով ստացված տեղեկությունները էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով ուղարկեր Մ. Չանգուլյանին, Վ. Աբդուլյանին, ստանար գողացված գումարների վերաբերյալ հաշվետվությունները, դրանք խմբավորեր եւ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ստացված գողոնի 65 տոկոսը պայմանավորված եղանակով փոխանցեր մականունավորին։ Ըստ գործի նյութերի, «Loader»-ից մաս-մաս ստացվել են «Citibank»-ի հաշվեհամարների դամպերը եւ PIN ծածկագրերը, դրանք էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով ուղակվել է Միհրանին, Վարդանին: Մեղադրական եզրակացության համաձայն, խմբի անդամներն այդ տվյալների օգտագործմամբ պատրաստել են վճարային փաստաթղթեր հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ, ապա «Citibank»-ի եւ «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայում միայն սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր կանխիկ փողի տեսքով գողացել են առնվազն 134.178. 839 ՀՀ դրամին համարժեք 436. 500 ԱՄՆ դոլար գումար։
Հաջողությունից խանդավառված, Միքայելը որոշել է ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ: Նա Մոսկվայում ձեռք է բերել դրա համար անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը, իր համակարգչի մեջ ներբեռնել է «exebacommv9.exe» անվանումով ֆայլը՝ նախատեսված բանկային քարտերի մագնիսական շերտերից տեղեկատվություն կարդացող, գրառող եւ վերագրառող սարքերն աշխատեցնելու համար: Համացանցով ծանոթանալով քննությամբ դեռեւս չպարզված՝ «47-VC Holo» կեղծանվամբ անձի հետ եւ ճշտելով նրա մասնագիտացման ոլորտը, վերջինիս ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» վճարային համակարգի պլաստիկ քարտերի համար նախատեսված 80 հատ կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ եւ քարտերի դարձերեսներին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր, իսկ «Մաստեր քարտ» վճարային համակարգի պլաստիկ քարտերի համար՝ 20-ական կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ եւ ստորագրության համար նախատեսված շերտեր։ Թվով 32 հատ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց մագնիսական ժապավենների վրա որպես քարտատերեր գրառել է Ստանիսլավ Պետրովի, Նիկոլայ Սեվիչեւի, Սերգեյ Զակորկոյի, Սերգեյ Լյամովի, Ստանիսլավ Վլասովի, Գարի Միխայիլովի եւ Յան Քինգտոնի տվյալները։ Փողաբեր համակարգիչն իր «թաշախուստով» Երեւան չբերելու դեպքում՝ Թումասյանը հաստատ չէր բռնվի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ