Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի աշխատողներին չսփոփեցին

Նոյեմբեր 23,2011 13:25

Նրանց կենսաթոշակները փոփոխության չեն ենթարկվի

Օրերս «Առավոտն» իր 19.11.2011թ. «Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում» հրապարակմամբ անդրադարձել էր ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցների այն դժգոհություններին, որ 2003 թվականին ընդունված օրենքով իրենք զրկվել են կենսաթոշակի արտոնյալ պայմաններից: Այսինքն՝ եթե մինչ 2003-ը առանձնապես վնասակար եւ ծանր վնասակար արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակային ստաժը 1 տարվա համար հաշվարկվում էր 1.5 տարի, ապա 2003-ից հետո բոլոր արտոնությունները հանվել են, եւ 1 տարին հենց 1 տարի էլ հաշվարկվում է, ինչը հարուցել էր արդեն կենսաթոշակի հասած ՀԱԷԿ-ի աշխատակիցների զայրույթը: «Առավոտին» դիմած ՀԱԷԿ-ի աշխատակիցները դիմել էին նաեւ «Ժառանգություն» խմբակցությանը, որպեսզի խնդիրը ԱԺ-ում բարձրացվի եւ վերականգնվի իրենց կենսաթոշակների հաշվարկման նախկին մեխանիզմը:

ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն այդ առնչությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: Տիկին Բախշյանը երեկ նախարարության պատասխանը տրամադրեց նաեւ «Առավոտին»՝ հավելելով, որ այդ պատասխանը շատ անհասկանալի է. «Այս նախարարությունը միշտ այնպիսի պատասխաններ է տալիս, որ կարիք է լինում կրկնակի հարցման»:

«Առավոտը» նախարարության մասնագետին խնդրեց եւս մեկ անգամ մեկնաբանել իրենց՝ «Ժառանգությանն» ուղղված պատասխանը:

Տիկին Բախշյանի այն պնդմանը, որ գործող օրենքով խախտվել է Սահմանադրության 42-րդ հոդվածը, ըստ որի՝ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական նորմերը հետադարձ ուժ չունեն», նախարարության մասնագետը անհամաձայնություն հայտնեց: Մեզ հետ զրույցում կենսաթոշակային քաղաքականության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանն ասաց, որ 2003-ին նոր օրենք է ընդունվել, եւ խաղի կանոնները փոխվել են. «Նրանք, որոնք մինչեւ նոր օրենքն են անցել կենսաթոշակի, նրանց ստաժը 1 տարվա դիմաց հաշվարկվել է 1.5 տարի: Իսկ նրանք, որոնք 2003-ից հետո են գնացել թոշակի, ապա նրանց 1 տարին հաշվարկվում է 1 տարով: Սահմանադրական իրավունքի խախտումն այն կլիներ, եթե մենք անձին տրված իրավունքը վերացնեինք, այսինքն՝ ում կենսաթոշակը ժամանակին 1.5-ով ենք հաշվարկել, ինքը կենսաթոշակառու լիներ եւ նույն 1.5 տարով առայսօր հաշվարկեինք»: Բաժնի պետի ներկայացմամբ՝ եթե նախկին օրենքով կենսաթոշակի անցնելուց հետո, աշխատելու դեպքում, այլեւս ստաժ չէին հաշվարկում, ապա գործող օրենքով կենսաթոշակառուի աշխատելու դեպքում աշխատած տարիները հաշվարկվում են, եւ թոշակն ավելանում է:

Մեր այն դիտարկամանը, որ ՀԱԷԿ-ի աշխատակիցները, հղում անելով Սահմանադրությանը, պնդում են, որ իրենց իրավական վիճակը վատթարացել է, նախարարության մասնագետն ասաց. «Որեւէ օրենսդրությունում փոփոխություն անել չենք կարող՝ միշտ կասեն վատթարացնող նորմ է»:

«Առավոտի» այն դիտարկմանն էլ, թե ՀԱԷԿ-ի աշխատակիցները փաստում են, որ թոշակի անցնելուց հետո միեւնույն է՝ երկար չեն ապրում, քանի որ «թունավոր» արտադրամասում աշխատելով՝ կորցնում են իրենց առողջությունը, ուստի նոր օրենքից ոչ էլ հասցնում են օգտվել, նախարարության մասնագետն ասաց. «Որտե՞ղ է գրված նման բան: Ես էլ կասեմ, որ առանձնապես ծանր արտադրամասում աշխատողը 85-90 տարի է ապրում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930