Քանի որ նրանց տրամադրած գումարների պատճառով նվազում են մանկատան երեխայի՝ ընտանիք վերադառնալու «շանսերը»:
ՀՀ կառավարությունը 2011 թվականին մանկատների բեռնաթափումը ճանաչել է գերակա ուղղություն: Այս նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի մանկատներում խնամվող երեխաները վերադառնան ընտանիք: Թե այս մեկ տարվա ընթացքում քանի երեխա է դուրս եկել մանկատնից, ու մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուներն ինչ «ջանասիրությամբ» են բեռնաթափում մանկատները՝ ներկայացնենք ընդամենը մեկ օրինակով:
Զանգելով մի քանի մանկատուն՝ ներկայացանք որպես միայնակ մայր՝ ասելով, որ սոցիալական վատ պայմաններից ելնելով չենք կարողանում երեխային պահել եւ ուզում ենք հանձնել մանկատուն: Մեզ պարզապես ապշեցրեց մանկատան տնօրենների քար անտարբերությունը մեր որոշմանը: Նրանք, առանց պատճառների մեջ խորանալու, պատրաստ էին մեզ գրկաբաց ընդունել եւ երեխային ծնողից վերցնել:
– Ես չեմ կարողանում երեխայիս պահել եւ ուզում եմ հանձնել մանկատուն։
– Ձեր երեխան ի՞նչ տարիքի է, աղջի՞կ է, թե՞ տղա։
– Տղա է, երեք տարեկան։
– Առողջականը ո՞նց է, ո՞րտեղի գրանցում ունեք, եթե մանկատուն եք ուզում բերել, պետք է երեխային բերեք ու հրաժարվեք նրանից: Ձեզ հետ բերում եք երեխայի փաստաթղթերը՝ ծննդյան վկայականի օրիգինալը, ձեր անձնագիրը, մենք էստեղ տեղում «քսերոքս» կանենք, դիմում եք գրում, եւ խնդիր չկա: Գրում եք՝ ես համաձայն եմ, որ իմ երեխան խնամվի մանկատանը եւ հանձնում եմ որդեգրության:
– Այսինքն՝ հնարավոր է որդեգրե՞ն իմ երեխային, ու ես նրան էլ չտեսնե՞մ։
– Հա, չի բացառվում, որ որդեգրեն:
– Բայց դուք հիմա տեղ ունե՞ք մանկատանը։
– Հա, տեղ ունենք: Բայց պետք է ստեղ բերեք, հրաժարվեք, եթե գնաք ուրիշ տեղ՝ կուղարկեն Գավառ կամ հեռու տեղ: Օրենքով էդ սաղ թղթաբանությունն ինքներդ պետք է գնաք անեք, բայց ես ավելի կարճ ճանապարհն ասեցի: Մենք ենք էդ սաղ նույն թղթաբանությունն անում, ուղարկում ենք թաղապետարան, քաղաքապետարանն ուսումնասիրում է, ուղարկում է սոցապնախարարություն՝ նոր էնտեղից որոշում են, թե երեխան ուր գնա, բայց քանի որ արդեն ի սկզբանե դուք եք բերողը եւ բերում եք այս մանկատուն, արդեն երեխան էստեղ էլ կմնա: Դուք թղթերը պատրաստեք՝ եկեք:
Սա Երեւանի մանկատներից մեկի տնօրենի հետ ունեցած մեր հեռախոսազրույցից մի հատված է: Ականատեսը լինելով տնօրենի նման պատրաստակամությանը՝ միտումնավոր չենք հրապարակում այդ մանկատան անունը՝ չցանկանալով նպաստել այն ծնողների որոշումներին, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ մտադիր են իրենց երեխաներին հանձնել մանկատան խնամքին: Ցավալին այն էր, որ մեզ հետ զրուցած եւ ո՛չ մի մանկատան տնօրեն չփորձեց գոնե ձեւական համոզել, որ հետ կանգնենք մեր որոշումից, իսկ կառավարության՝ մանկատները բեռնաթափելու մտադրության մասին խոսք անգամ չկար: Մինչդեռ, եթե կառավարական փաստաթղթերը ձեւական բնույթ չեն կրում, եւ իսկապես սոցոլորտի պատասխանատուները որոշել են ձերբազատվել մանկատներից՝ դրանք փոխարինելով ընտանիքի աջակցման կենտրոններով, հենց մանկատան տնօրենները պետք է լինեին այն առաջնային օղակը, որոնք կկանխեն երեխայի մուտքը մանկատուն: Մեզ հետ զրուցած տնօրեններն ամեն գնով փորձում էին հավատացնել, որ մանկատանը մեր երեխային ապահով եւ բարվոք պայմաններ են սպասվում, եւ նույնիսկ նրա որդեգրումից հետո մենք կարող ենք մեր երեխային տեսնել՝ չնայած որ օրենքն արգելում է: Մանկատան տնօրենների աշխատանքային հարուստ փորձը ցույց էր տվել, որ որդեգրված երեխաների նոր ծնողներից շատերը դեմ չեն լինում, որպեսզի երեխան շփվի իր հարազատների հետ:
Նկատենք, որ ամեն տարի բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրվում մանկատները պահելու համար: Տարեկան 1 միլիարդ 700 միլիոն դրամ միայն պետբյուջեից է հատկացվում՝ չհաշված սփյուռքահայ եւ տեղացի բարերարների հանգանակությունները: Ուստի մանկատան տնօրենների նման մոտեցումը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ. մանկատները մեր երկրում պետական մակարդակով բիզնեսի առարկա են դարձել:
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF) մասնագետների համոզմամբ էլ, մեր երկիրն այդպես էլ կմնա «մանկատներով երկիր», եթե պետությունն այս հարցին համակարգային մոտեցում չցուցաբերի: Ըստ UNICEF-ի պատասխանատուների՝ չնայած այն բանին, որ կառավարությունը որդեգրել է մանկատները բեռնաթափելու քաղաքականություն, այսօր կրկին շարունակում է պետական հիմնական միջոցներն ուղղել մանկատներին: UNICEF-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Էմիլ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ այսօր էլ մանկատների «դարպասները» չեն վերահսկվում, եւ դուրս եկած երեխաների տեղն անմիջապես լրացվում են նոր մանուկներով: Մինչդեռ մասնագետը գտնում է, որ պետությունն ամեն գնով պետք է հասնի նրան, որ խնամքի կենտրոնները վերապրոֆիլավորվեն եւ դառնան ընտանիքի աջակցման կենտրոններ: Ի տարբերություն կառավարության մասնագետների, որոնք գտնում են, որ մանկատան երեխան պետք է վերադառնա կենսաբանական ընտանիք, UNICEF-ի պատասխանատուներն այս հարցի շուրջ այլ տեսակետ ունեն. նրանց համոզմամբ, երեխան պետք է ապրի ընտանիքում, անկախ այն բանից՝ դա կենսաբանական ընտանիքն է, թե խնամատար: UNICEF-ի մասնագետներն ուսումնասիրել են եւ հաշվարկել, որ երեխային խնամատար ընտանիք տեղափոխելը ձեռնտու է թե՛ բարոյապես, թե՛ տնտեսապես: Մանկատանը կամ որեւէ այլ հաստատությունում 1 երեխայի խնամքի համար պահանջվում է տարեկան $3800, խնամատար ընտանիքում՝ $2800:
Է. Սահակյանի խոսքերով, բացի այն, որ, unicef-ի մատնանշած եղանակով, ֆինանսական տնտեսումներ կունենանք, երեխան կմեծանա նորմալ ընտանիքում. «Մենք ուզում ենք, որ երեխան մամա եւ պապա ունենա, կարողանա այդ բառերն ասել, այլ ոչ թե ընկեր Սերոբյան կամ ընկեր Աստղիկ: Մենք ուզում ենք, որ երեխայի մոտ ընտանեկան մոդել լինի, առանց ընտանիքի մեծացած երեխան հետագայում չի մերվում կամ դժվար է մերվում հասարակության հետ: Իսկ ծնողներին պետք է ասել, որ երեխային միայն կոշիկ ու շոր չի պետք: Պետք է նաեւ ընտանեկան ջերմություն: Գալիս-տեսնում են մանկատանն ամեն ինչ կա՝ ուրախանում են՝ ասելով. էս ինչ լավ է, երեխայի համար լավ կլինի: Եվ այդ երեխան մնում է օդի մեջ, ոչ երեխայից են հրաժարվում, ոչ էլ իրենց ծնողական իրավունքներից: Եվ ստացվում է, որ այդ երեխաները ոչ կարողանում են որդեգրվել, ոչ էլ խնամատար ընտանիք տեղավորվել, վերջինի պարագայում էլ ծնողների համաձայնությունը պարտադիր է»:
2008 թվականից սկսած՝ մեր երկրում ներդրվել է խնամատար ընտանիքի մոդելը, սակայն մինչ օրս պետության ֆինանսավորմամբ ընդամենը 25 երեխա է խնամվում խնամատար ընտանիքներում, եւ այդ թիվը չի ավելանում:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ է, այլեւս չկա՞ն ընտանիքներ, որոնք ցանկանում են երեխա վերցնել, Էմիլ Սահակյանը պատասխանեց. «Կան, շատ կան, բայց պետությունն այդ 25-ի համար է գումարներ նախատեսել: Անգամ UNICEF-ի կողմից բարի կամքի դեսպան ճանաչված երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ են մարդիկ գալիս եւ ուզում երեխա վերցնել, բայց նրանց մերժում են՝ ասելով, որ փող չկա»:
Է. Սահակյանը սփյուռքահայերին էլ կոչ արեց մանկատներին չօգնել եւ դրանով չնպաստել այդ հաստատությունների երկարակեցությանը: Մասնագետի կարծիքով, այդ օգնությունները նվազեցնում են հայ մանուկների՝ ընտանիք վերադառնալու «շանսերը»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ