Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգտում են դառնալ եվրոպական տիպի եւ ժողովրդական

Նոյեմբեր 23,2011 13:17

Թե ինչո՞ւ են կոալիցիոն բոլոր երեք ուժերը եւ «Ժառանգությունը» այսպես ձեռուոտ ընկել ԵԺԿ անդամ դառնալու համար

Մեր թերթի հետ զրույցում («Առավոտ», 11.11.2011) կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Բրյուսելում ներկայացրել էր ԵԺԿ-ին անդամակցելու ՀՀԿ պլատֆորմը, ասել էր, թե իրենց ընտրությունը գիտակցված ընտրություն է եւ թելադրված չէ քաղաքական նպատակահարմարությամբ, եւ որ եվրոպական ինտեգրման ճանապարհին շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքական եւ քաղաքացիական ինստիտուտները իրենց տեղը գտնեն եվրոպական համապատասխան կառույցներում: Նաեւ շատ բնական էր համարել, որ «Հայաստանի թիվ մեկ պահպանողական-ազգային կուսակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, իր համար եւս պետք է գտնի եվրոպական հարթակ, համախոհների, գաղափարակիրների»: Այսօր արդեն Երեւանում է գտնվում ԵԺԿ-ի՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» 14 հոգիանոց պատվիրակությունը, որը ժամանել է Հայաստան՝ դիտարկման ենթարկելու հայաստանյան այն չորս քաղաքական ուժերին, որոնք դիմել են ԵԺԿ-ին անդամակցելու խնդրանքով: Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» ցանկություն ունեն դառնալ եվրոպական տիպի կուսակցություն, անդամակցել Եվրոպայում հայտնի այս կուսակցությանը: Ըստ էության, շատ զարմանալի կերպով եվրոպականացման ցանկությունը ինքնաբուխ է ծնվել՝ բոլոր չորսի մոտ միանգամից: Հասկանալի է, որ եվրոպացիք գրկաբաց չեն կարող ընդունել մերոնց, դեռ պետք է դիտարկեն, քննեն, պարզեն, ճշտեն, տեսնեն, թե ո՞րն է առավել արժանի, ո՞ր քաղաքական ուժի գաղափարախոսությունը, ծրագրերը, ապրած կյանքն է համահունչ եվրոպական արժեհամակարգին եւ գաղափարներին: ԵԺԿ ներկայացուցիչները երեկ խորհրդարանում երկարատեւ հանդիպումներ ունեցան ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, մերոնց մի լավ «քննեցին», բայց առայժմ ձեռնպահ մնացին հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ: Մեր տեղեկություններով՝ ԵԺԿ-ի դիտարկման խումբը կլսի, կքննի եւ կզննի բոլոր չորսին էլ, եւ արդյունքում ԵԺԿ-ի ներկայացուցիչները կընտրեն ընդամենը երկուսին՝ մյուսների հարցը թողնելով ավելի ուշ ժամանակների: Ըստ որոշ լուրերի՝ այդ երկուսը կլինեն Հանրապետականը՝ որպես պահպանողական եւ ազգային, նաեւ՝ որպես երկրի նախագահի կուսակցություն, եւ «Ժառանգությունը»՝ որպես խորհրդարանում ընդդիմադիր ուժ: Մեր այս տեղեկությունները երեկ կողմերից ոչ մեկը չհաստատեց, քանի որ, ըստ այլ պնդումների, չի բացառվում, որ բոլոր չորսի անդամակցության մասին դիմումներն էլ կհարգվեն, մանավանդ՝ առայժմ դառնալու են դիտորդ-անդամ եւ ոչ լիարժեք:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ ըստ որոշ լուրերի՝ միայն երկուսն են դառնալու դիտորդ-անդամ, ի պատասխան՝ տիկին Զոհրաբյանն ասաց. «Անկեղծ պիտի լինեմ, դեռ Բրյուսելում ինձ եւս լուրերի մակարդակով նման տեղեկություն հասավ, եւ ես հենց տեղում, Բրյուսելում այդ ինֆորմացիան պաշտոնապես ճշտեցի ԵԺԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Նիկոլա Բրիեկից՝ ասելով, որ եթե պարզվի՝ իրապես ամեն ինչ կանխորոշված է ԵԺԿ-ում եւս, եւ որոշված է վերցնել մեկ իշխող եւ մեկ ընդդիմադիր կուսակցություն, ապա ես չեմ կարծում, որ այդ նախապես կանխորոշված սցենարը պատիվ կբերի ԵԺԿ-ին: Ի պատասխան՝ Նիկոլա Բրիեկն ամենայն անկեղծությամբ ասաց, որ նման բան չկա, եւ ամեն ինչ կախված է դիտորդական առաքելության այցից»: Ի դեպ, անդամակցության հարցի կանխորոշված լինելու մասին լուրերը հերքեց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ եվրոպացիների այցը զուտ տեսչական է. «Մենք ներկայացրել ենք մեր աշխատանքը խորհրդարանում, մեր գործունեությունը այս տարիներին, մեր օրենսդրական առաջարկները, մեր մասնակցության եղանակները եւ այլն»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ փաթեթային որոշում կայացվի, եւ բոլոր չորսն էլ միաժամանակ դառնան ԵԺԿ անդամ. «Չեմ կարծում, թե կլինի փաթեթային որոշում, բայց հույս ունեմ, որ «Ժառանգության» հանդեպ կլինի դրական մոտեցում: Մյուս քաղաքական ուժերի մասին չեմ խոսի, կխոսեմ մեր կուսակցության մասին, իսկ «Ժառանգությունը» այն կուսակցությունն է, որը հստակ ժողովրդավարական արժեքների կրող է եւ իր գործունեությունը ծավալել է հենց այդ արժեքների հիման վրա: Բացի այդ, մեր խմբակցության բոլոր այն անդամները, որոնք տարբեր միջազգային կառույցների անդամ են, ամեն տեղ դառնում են ԵԺԿ անդամ: Կարծում եմ՝ այս ամենը կարեւոր է եվրոպական կուսակցությունների այդ ընտանիքին անդամակցելու համար, եւ իմ նշած առաջին պատճառը հենց այս հիմքն է»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս իրենց անդամակցությունը համարում է նույնքան հավանական. «Իրենք հետաքրքրվում էին, թե կուսակցությունները ինչպիսի աշխատանքներ են կատարում, թե իրենց օրենսդրական գործունեությունը ինչ նպատակների է միտված, եւ, բնականաբար, հարցեր, որոնք կուսակցության անցած ճանապարհի եւ ապագա անելիքների մասին են, այս ամենի արդյունքում իրենք կարծիքը պետք է կազմեն քաղաքական ուժերի մասին»: Մեր հարցին՝ ինչո՞ւ են այս ուժերը որոշել այսպես, գրեթե միաժամանակ մղվել դեպի Եվրոպա, տիկին Բիշարյանն ասաց, թե բոլոր քաղաքական ուժերը ունեն այդ իրավունքը. «ՕԵԿ-ի կենսագրությունն ավելի բաց է եղել՝ հանրության աչքի առջեւ, եւ բոլորն էլ գիտեն, որ մենք միշտ եվրոպական արժեքների ձգտող ուժ ենք եղել եւ շարունակում ենք այդպիսին մնալ, հիմա, եթե կան այլ կուսակցություններ, որոնք եւս ուզում են այս ճանապարհն անցնել, դա ընդամենը ողջունելի է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Արա Բաբլոյանի, Կորյուն Նահապետյանի եւ Արտակ Զաքարյանի հետ հանդիպել էր ԵԺԿ ներկայացուցիչներին եւ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Հանրապետականի կապերը բավականին ամուր են ԵԺԿ-ի հետ, հատկապես, երբ վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպեց այդ կուսակցության ղեկավարների հետ, ելույթ ունեցավ կուսակցության համաժողովում (ի դեպ, այս համաժողովին մասնակցել եւ խոսել են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Արմեն Աշոտյանը), եւ ասաց. «Մենք իրենց համար ենք ճանաչելի դարձել, իրենք էլ՝ մեզ համար: Առաջին պահին, երբ Հանրապետականը ցանկություն հայտնեց անդամակցել ԵԺԿ-ին, գտնվեցին ոմանք, որ փորձեցին քննադատել, թե ինչպես կարող է պահպանողական, ազգային կուսակցությունը լինել ժողովրդական կուսակցության անդամ, հետո մեր ընդդիմախոսներն էլ համոզվեցին, որ սա այն կուսակցությունն է, որը ձգտում է կառուցել ժողովրդավարական, ազատ եւ թափանցիկ Եվրոպա, որը մոտ է իր քաղաքացիներին եւ խարսխված է իր պատմական խորը արմատների եւ եվրոպական քաղաքակրթության վրա: Այսինքն՝ ամբողջ գաղափարախոսությունը պահպանողական է, այնպես, ինչպես Հանրապետական կուսակցությունն է պահպանողական: Նկատելի է, որ նույնիսկ լիբերալներն այսօր առնչություն ունեն պահպանողական գաղափարախոսությանը, որովհետեւ տնտեսության ազատականացումը, շուկայական հարաբերությունները հենց պահպանողական գաղափարախոսության տնտեսական բլոկն են»: Մեր բոլոր զրուցակիցները միակարծիք էին, որ իրենց քաղաքական ուժերը ամենից արժանին են ԵԺԿ անդամ դառնալու: Դեկտեմբեր ամսին տեղի կունենա ԵԺԿ համագումարը, որն էլ այսօր անցկացվող դիտարկման արդյունքներով որոշում կկայացնի, թե հայաստանյան ուժերից հատկապես որոնք են արժանի դառնալ ԵԺԿ դիտորդ-անդամ:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930