Բնապահպանական մի շարք կազմակերպություններ նամակ են հղել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին Հրազդանում մետաղի հանքի շահագործման հարցում անճշտությունները պարզաբանելու խնդրանքով:
Այս տարվա ապրիլի 12-ին Արամ Դանիելյանը խնդրով մտահոգ կազմակերպություններին տեղեկացրել է, թե Հրազդանում մետաղի հանքի շահագործումը գնտվում է նախատեսման փուլում: Իսկ բնապահպանության նախարարությունը ասել է, որ դեռեւս 2008 թվականի հոկտեմբերի 13-ին «Նագին» ընկերության Հրազդանում մետաղի հանքի շահագործման աշխատանքային ծրագրին տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն, ինչը նշանակում է, որ հանքը կշահագործվի: Ու հիմա բնապահպանները քաղաքապետից փորձում են իմանալ. Հարցի վերաբերյալ հանրային լսումներ եղե՞լ են, ո՞ր փուլում է հանքի շահագործման գործընթացը, ի՞նչ կարգավիճակ ունեն հանքի շահագործման համար նախատեսված հողատեսքերը, վարձակալը վճարե՞լ է վարձերը եւ այլն:
Քաղաքապետը պատասխանել է ու պատասխանում ամենակարեւորը վերջին նախադասությունն է. «նշված խնդրի վերաբերյալ վերջին տարիներին հասարակական լսումներ չեն եղել»: Քաղաքապետը տեղեկացրել է նաեւ, որ հանքի շահագործման համար նախատեսված հողերը ֆիզիկական անձանց սեփականություն են եւ հանքի հետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ նրանց հետ պայմանագիր կնքվել է: Բայց Հրազդանի քաղաքապետարան ոչ մի կազմակերպություն չի դիմել հանքարդյունաբերության համար հող ձեռք բերելու նպատակով: