Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքով չի կարգավորվի

Նոյեմբեր 23,2011 12:48

Երբ Հայաստան եկած հյուրերը տեսնում են մեր օլիգարխներին, որոնք շրջում են քաղաքում՝ իրենց հետեւից «ախրանայի» 4-5 մեքենա գցած, նրանց մոտ, հավանաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ մեղքեր են գործել այդ մարդիկ, որ այդչափ վախենում են իրենց կյանքի համար: Ընդ որում, «օլիգարխ» ասելով մենք հասկանում ենք ոչ միայն բուն գործարարներին, այլեւ Երեւանի որոշ համայնքների ղեկավարներին, նախարարներին, իրավապահներին եւ նույնիսկ հոգեւորականներին: Նրանք, իհարկե, նույն բիզնեսմեններն են, ուղղակի զուտ ձեւականորեն համարվում են ինչ-որ հոգեւոր կամ աշխարհիկ ծառայության մեջ, որն, անշուշտ, նպաստում է նրանց «հաջողություններին» գործարար կյանքում: Միամիտ արտասահմանցուն կարող է թվալ, թե ազգի այդ ամբողջ «սերուցքն» անչափ վախենում է, որ անհայտ չարագործները կհարձակվեն իրենց վրա եւ կխլեն իրենց թանկագին կյանքը: Բայց մենք հո գիտենք, որ թիկնապահների այս առատությունը որեւէ կապ չունի անվտանգության հետ, դա պարզապես ապրելակերպ է, «հզորության» խորհրդանիշ, ինչպես ավտոբուս հիշեցնող ջիպերը, «ռամբուլիկներով» զարդարված դղյակներն ու պատգամավորական մանդատը: Կիրառական որեւէ նշանակություն չունեցող այդ ատրիբուտները ստեղծում են շրջապատի մոտ «թագավոր աղբոր» կերպար:
Այժմ իշխանությունը՝ մոտավորապես 6-7 տարի ուշացումով, երբ 2005-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ «հերոսացած», իսկ այնուհետեւ` «ՏԷՑ-ի կրուգի» ճակատամարտում աչքի ընկած նախկին թիկնապահ Բանգլադեշի Համոն արդեն ինքն է շրջում «ախրանայով», որոշել է վերջապես զբաղվել թիկնապահների խնդրով: ԱԺ-ն, ըստ երեւույթին, որոշելու է, որ օլիգարխները (այդ բառի, ինչպես ասացի, լայն իմաստով) իրավունք ունեն պահելու երեքից ոչ ավելի թիկնապահ՝ մոտավորապես այնպես, ինչպես մահմեդականներին չի թույլատրվում միաժամանակ ունենալ երեքից ավելի կին: Կսահմանափակվի նաեւ ուղեկցող մեքենաների քանակը՝ «պահպանվող անձանց» հետեւից կարող է գնալ միայն մեկ «ավտոբուս»: Սակայն սա այն ոլորտն է, որը չի կարող կարգավորվել օրենքով, որովհետեւ ինչպես նույն օլիգարխ պատգամավորներն են ստում, թե չեն զբաղվում բիզնեսով, այլ ընդամենը բաժնետերեր են, այնպես էլ թիկնապահների դեպքում նրանք կասեն, որ երեքից բացի, մնացած 10-ը կամ 20 հոգին օգնականներ են, ռեֆերենտներ են, «օֆիսի աշխատողներ են», տարածքի պահապաններ եւ պարզապես ընկերներ: Այստեղ օրենքով ոչ մի բան չես կարող ապացուցել՝ անհրաժեշտ է այն, ինչը կոչվում է քաղաքական կամք:
…1994 թվականի սեպտեմբերին ես հեռուստատեսային հարցազրույց պետք է վերցնեի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից եւ խնդրեցի նրան ինձ էլ իր հետ տանել Նորք: Նա Մամուլի շենքի մոտ եկավ իր մեքենայով` եթե ճիշտ եմ հիշում, մուգ կարմիր ջիպ էր, ինքն էր նստած ղեկին: Ոչ մեքենայի մեջ, ոչ առջեւից, ոչ էլ ետեւից «ախրանա» չկար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930