Անորակ էլիտար թաղամասում «ռեմոնտ» է՝ գրում է «Հայացքը»: «Երեւանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլեւս չեն կարողանում թաքցնել։ Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին։ Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետիտ տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել։ Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի բնակարանների մեծ մասը բնակիչներ չունեն։ Ուրեմն արժե՞ր մի խումբ մարդկանց, առանց համարժեք փոխհատուցման, վռնդել իրենց պապենական տարածքներից, փոխարենը անորակ էլիտար թաղամաս կառուցել, որն այսօր պետք չէ ոչ ոքի։
Հյուսիսային պողոտայի անորակ շինարարության մասին բազմիցս է խոսվել, բայց դա չի խանգարում, որպեսզի պողոտայի «կնքահայր» Նարեկ Սարգսյանը մշտապես գովերգի իր նախագիծն ու դրա կարեւորությունը։ Ի դեպ, ամիսներ առաջ նույն Նարեկ Սարգսյանը, «Հայացք»-ի հարցին ի պատասխան ասել էր, թե «խարխլվել են ոչ թե շենքերի հիմքերը, այլ՝ մայթերը»: