Այսօր` նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ-ում իրար են բախվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արմեն Բաղդասարյանի վարած «Մերսեդես Բենց 240» մակնիշի 29 ՍՏ 840 համարանիշի, նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Էմիլ Սիմոնյանի վարած «Օպել» մակնիշի 15 ՍՏ 462 համարանիշի և Ձորագյուղ գյուղի բնակիչ, 33-ամյա Սմբատ Աղեկյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 23 ՕՕ 876 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Օպել»-ի վարորդ Էմիլ Սիմոնյանը և «Մերսեդես Բենց»-ի ուղևորներ` 21-ամյա Անի Բաղդասարյանը, 15-ամյա Ջիվան Բաղդասարյանը և 51-ամյա Աստղիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի «ԲիԲիՋի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ, 3 ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ: