Երեւանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում այսօր` նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին երիտասարդ դիզայներների հեղինակած մոտ 65 աշխատանք:
«Խնդիր է եղել մեր կողմից հնարավորինս ճիշտ արտանկարել թղթի վրա: Ուսումնական ծրագրի մեջ, սա միակ ամենակարճ տարբերակն է, որ ուսանողին հնարավորություն կտա իր գիտելիքները լիարժեք օգտագործել: Երբեմն նույնացնում են հիպերռեալիզմը սյուրռեալիզմի հետ, բայց դա այդպես չէ: Ի տարբերություն սյուրռեալիստական աշխատանքների հիպերռեալիստական աշխատանքներին կարող ես հանդիպել իրական կյանքում»,-ասում է ցուցահանդեսի ղեկավար, համալսարանի Դիզայնի ամբիոնի դասախոս Հայկազ Արսենյանը:
Բելգիայի արվեստասեր Իզի Բրաշոն հորինեց «Հիպեր-ռեալիզմ» ֆրանսերեն բառը, որը նշանակում էր`ֆոտոռեալիզմ: 1973թ-ին, Բրյուսելում, այն դարձավ իր ամենախոշոր ցուցահանդեսներից մեկի, ինչպես նաև իր պատկերասրահի կատալոգի անվանում:
Հիպերռեալիստների դեպքում կտավներում սյուժեները պարզունակ են, կերպարները` ընդգծված օբյեկտիվ, հաճախ` խիստ խոշորացված լուսանկարների վրա հիմնված, իսկ սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով:
Ցուցահանդեսի ղեկավար Դավիթ Փարվանյանն ասաց, որ նման միջոցառումներ պարբերաբար կլինեն և իրենք կանեն ամեն բան, հիպերռեալիզմի զարգացման գործում:
«Սա ուսումնական ծրագիր է: Առաջին ցուցահանդեսը եղավ սեպտեմբեր ամսին, իսկ հաջորդը կլինի հունվարին: Նման տիպի աշխատանքները իմիջիայլոց կարգով չի արվում: Այն իրենից պահանջում է համբերություն, մանրակրկիտ աշխատանք, բարդ տեխնիկա: Կարևորն այն է, որ ուսանողները ստանալով անհրաժեշտ գիտելիքներ հետագայում էլ ավելի կհմտանան իրենց մասնագիտության մեջ»,-ասում է Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը:
Շուտով լույս կտեսնի բացառիկ այդ աշխատանքների նմուշագիրքը: Դիզայներ Հայկազ Արսենյանը «Առավոտ երիտասարդականին» նշում է, որ գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տեղադրվելու է ԵՃՇՊՀ-ի կայք էջում: Մեկական օրինակով կբաժանվի հեղինակներին և կտրամադրվի ցուցահանդեսի պատմության ֆոնդի գրադարանին, որ հետագայում հնարավորություն ընձեռվի ծանոթանալ ուսանողների աշխատանքներին:
Քրիստինա Միրզոյան