Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ

Նոյեմբեր 22,2011 21:08

«Ես չեմ պատրաստվում հավերժ երգել և երկար տարիներ մնալ բեմում: Կյանքի կանոնն այսպիսին է, երբ այլևս ասելիք չունես , ձայնդ չի ենթարկվում քեզ, չես ընկալվում հանդիսատեսիդ կողմից ,ինչպես կասեր ուսուցչուհիս, լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ», – ասում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Նոյեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Պապյանը նշել է իր բեմական գործունեության 25-ամյակը` կատարելով «Անուշ» օպերան: Երգչուհին տպավորված է հայ հանդիսատեսով. «Կարծում էի, թե կորցրել ենք մեր հանդիսատեսին տարբեր պատճառներով. շատերը դուրս եկան Հայաստանից, իսկ մտավորականությունը, որը պետք է թատրոն հաճախեր, ի վիճակի չէր տոմսեր գնել, բայց ի զարմանս ինձ` հանդիսատեսը գալիս է թատրոն. ծարավ է, ակնկալիքներն էլ շատ ավելի մեծ»:
Անդրադառնալով Ա. Սպենդարյանի անվան օպերային ` համեմատելով այն աշխարհի օպերաների հետ, Պապյանը նշում է, որ դրսում օպերային թատրոնները չունեն գեղարվեստական խորհուրդներ, և անհատներն են որոշում թատրոնի ճակատագիրը:
Հարցին` օպերան հարուստ երկրի՞, թե մշակույթ ունեցող երկրի արվեստ է, երգչուհին պատասխանեց. «Մենք ունենք օպերային թատրոն, շենք, երգչախումբ, ունենք նվիրյալներ, ովքեր պատրաստ են գալ օպերային թատրոն, աշխատել առանց դժգոհության կամ երբեմն էլ գուցե դժգոհությամբ, բայց կա այդ թատրոնը և այն պետք է պահպանել: Սա պարգև է մեր ազգի համար. կան շատ լավ ներկայացումներ, լավ երգիչներ, և մատաղ սերունդ, որը ցանկանում է երգել»,- ասում է  Պապյանը:
Հասմիկ Պապյանն այժմ Վիեննայում է ապրում և 1993թ-ից սկսած երգում է Վիեննայի թատրոնում: Վերադառնալու մտադրություն ունի, բայց ինչպես ինքն է նշում, երբեք չի հեռացել Հայաստանից:

 

Պերճուհի Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930