Առաջիկա ընտրություններին «Ազատ» դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է, որպես դաշնակից տեսնում է «Ժառանգությանը»: Այսօր լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Իր խոսքով՝ «Ժառանգության» հետ իրենց կուսակցությունը «ընդհանուր աղերսներ» ունի: Իսկ հարցին, թե որ ուժի հետ չի համագործակցի, կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Չենք համագործակցի այն կուսակցությունների հետ, որոնք իրենց գործունեության ընթացքում ունեցել են հակաժողովրդական քաղաքական պրակտիկա, անունները բոլորը գիտեն»: «Ազատ դեմոկրատները», կուսակցության փոխնախագահի փոխանցմամբ, տարածքային կազմակերպությունների ձեւավորման գործում արդեն մեծ աշխատանք է տարել. գրեթե բոլոր մարզերում ձեւավորել են տարածքային կառույցներ:
Խոսելով վերջին պաշտոնանկությունների մասին՝ Ա. Սեդրակյանը կարծիք հայտնեց, թե պաշտոնանկությունների շղթան միտված է ոչ այնքան քաղաքական դաշտը բարելավելուն, այլ՝ «Դա վերջին ռեսուրսն է, որ Հանրապետական կուսակցությունը կարող էր օգտագործել, որովհետեւ կադրային քաղաքականությունը սպառել էր այն մոդուլը, որով Հայաստանում իրականացվում էր իշխանությունը»: Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ իրենց կուսակցությունը «Պարզապես կոնսոլիդացնում, համախմբում է իր ուժերը եւ այն մարդիկ, որոնց քաղաքական, կուսակցական վերլուծությունների արդյունքում գտնում ենք, որ մարդը որտեղ է հարմար, ընտրություններից առաջ կատարում ենք փոփոխություններ: Եթե ամեն ինչ դոգմատիկ լինի, ոչ մի բան չփոխվի, երեւի բոլորը կդժգոհեն»:
Անուշ Սեդրակյանն ի պատասխան ասաց՝ եթե բոլոր տիպի կադրային փոփոխությունների արդյունքում չի պահպանվում թափանցիկության կոմպոնենտը, չենք ունենում թափանցիկ եւ հանգամանալից բացատրություն թե՛ ներկուսակցական գործընթացի, թե՛ քաղաքական, թե՛ ներպետական գործընթացի, ապա նման դեպքում պաշտոնանկությունը դառնում է որոշակի կամայական ակտ: Կ. Աճեմյանը հակադարձեց. «Հանրապետականը թափանցիկ է եւ թաքնված քայլեր չի անում»:
Ասուլիսում բանախոսները խոսեցին նաեւ հեռուստաեթերի մասին: Կարինե Աճեմյանն ասաց. «Եթե դուք հետեւեք Հ1-ին կամ մյուս ալիքներին, ավելի շատ ընդդիմադիր մեր գործընկերների ելույթներն ենք տեսնում: Ավելի լավ, քան մեկնաբանվում, լուսաբանվում են ընդդիմության գործիչները, մեզ էդպես երբեք չեն լուսաբանում: Հասարակության մեջ իշխանական թեւի արած աշխատանքները երբեք լուսաբանման թեմա չեն դառնում»: Անուշ Սեդրակյանը եթերային բարեփոխոխումները որակեց որպես «ճարահատյալ քայլ». «Այժմյան ինտերնետ հեռահաղորդակցության դարում, երբ մարդիկ կայծակնային ձեւով բոլոր հնարավոր լուրերը ստանում են ինտերնետից, հեռուստատեսությունը ֆիզիկապես չի կարող գնալ լուրերը կոծկելու հավերժական ուղով, որովհետեւ նա կորցնում է իր հեռուստադիտողին, ռեյտինգը: Շատ հնարավոր է, որ այս բոլոր բարեփոխումները լինեն մինչեւ նախընտրական շրջանը, եւ հետո նորից բոլոր ալիքները փակվեն»: Կ. Աճեմյանն էլ ի պատասխան ասաց. «Եթե դուք համարում եք, որ բարեփոխումները ճարահատյալ ենք անում, ոչինչ՝ համարե՛ք, վատ չի մեզ համար, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով»:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ