Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագիտությունը նաեւ կանացի գիտություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 22,2011 17:10

Այսօր ԳԱԱ-ում բացվեց ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանսը «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվել է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում: Մասնակցում էին ԱՊՀ եւ բալթյան երկրների 29 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ: Նրանց թվում քիչ չեն աղջիկները: Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք աստղագիտությունը ոչ կանացի մասնագիտությո՞ւն է: Նա վստահեցրեց. «Ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում խրախուսվում է աղջիկների մուտքը գիտություն: Անվանի հայ կին աստղագետի փայլուն օրինակ է ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանը»: Արեգ Միքայելյանի խոսքով, արտասահմանում էլ քիչ չեն անվանի կին աստղագետները եւ ամուսնական զույգերը, ինչպես, օրինակ, Մարգրեթ եւ Ջեոֆրեյ Բարբիջները ԱՄՆ-ից, ավստրալացի Բոկ զույգը, Գալակտիկաների հանձնաժողովի նախագահ, դարձյալ ավստրալացի Էլեն Սադլերը: Ա. Միքայելյանը հիշեց նաեւ Միջազգային աստղագիտական միության նախորդ նախագահ ֆրանսուհի Քատրին Ցեսարսկուն:

Գոհար Հարությունյանը կոնֆերանսին ներկայացնում էր Երեւանի պետական համալսարանը եւ Բյուրականի աստղադիտարանը: Նա չի կարծում, թե աստղագիտությունը միայն տղամարդկանց համար է. «Աստղագիտությունը սեռ չի ճանաչում, այն ժամանակի ընթացքում առաջ է գնացել, ու հիմա պարտադիր չէ գիշերով գնալ-նստել ցուրտ դիտակի մեջ, դիտակը պտտել այս ու այն կողմ: Այլեւս ամեն ինչ ավտոմատացված է ու հեշտ է աշխատելը՝ անկախ նրանից կի՞ն ես, թե՞ տղամարդ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել