Այսօր Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսների համար նախատեսված 868,120 միլիոն դրամ սեփական եկամուտների փոխարեն մարզի համայնքները հավաքել են ընդամենը 86,5 տոկոսը` 750,765 միլիոն դրամ, որը, սակայն, նախորդ տարվա համեմատ ավելի է 11,5 տոկոսով:
Իսկ 360,136 միլիոն դրամ նախատեսված վարձավճարների դիմաց հավաքվել է 290,486 միլիոն դրամ վարձավճար՝ նախատեսվածի 81 տոկոսը
«2010թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, վարձակալության գծով եկամուտների աճին զուգահեռ, մարզի մի շարք համայնքներում վարձավճարների հավաքագրումը անբավարար մակարդակի վրա է, մնացածն էլ 75 տոկոսից բարձր ցուցանիշ են ապահովել, բայց մենք քննարկում ենք 100 տոկոս ցուցանիշը»,– նշել է պարոն Մարդյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով սեպտեմբերին հատկացվեց 720 միլիոն դրամ: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի, նախատեսվում է իրականացնել 19 ծրագիր. Մեղրի մտնող կամրջի ընդլայնում, Գորիսում, Կապանում, Սիսիանում դպրոցների նորոգում, մի շարք ճանապարհների նորոգում եւ այլն:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD օգնությամբ էլ եկող տարի կարող են ծրագրեր իրականացվել Սյունիքի Խնածախ, Վաղատուր, Խոզնավար եւ Սպանդարյան գյուղերում: Հիմա ճշտվում են գյուղերի հնարավորությունները՝ ծրագրերի համաֆինանսավորման մասով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ