Չորեքշաբթի, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Խորհրդային Միության փլուզման 20-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի կունենա ԱՄՆ քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի հանդիսավոր բացումը, տեղեկացնում է РБК-ն:
ԱՄՆ նախկին նախագահի բրոնզաձույլ արձանի հեղինակն է Ավթանդիլ Մոնասելիձեն: Ռեյգանը նստած է նստարանին: Պատվանդանի վրա վրացերեն եւ անգլերեն լեզուներով գրված է նրա հայտնի արտահայտությունը. «Ազատության համար պետք է հոգ տանեն բոլոր սերունդները»:
«Ռեյգանը «Սառը պատերազմի» ավարտի եւ «Երկաթե վարագույրի» ոչնչացման խորհրդանիշն է: Մենք ուրախ ենք, որ այդ մարդու հուշարձանը կանգնած կլինի Թբիլիսիում», – ասել են տեղական իշխանության ներկայացուցիչները: Նրանց ասելով, Ռեյգանի հուշարձանի բացումը նվիրվում է նաեւ «Վարդերի հեղափոխության» 8-ամյակին: