Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները՝ հոգուտ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման

Նոյեմբեր 22,2011 14:24

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Օրերս տեղի ունեցավ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող մեկ տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փակ ժողովը. օրակարգում ունենալով մեկ հարց` ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը և դրանից բխող ժամանակից շուտ սկսած նախընտրական արշավի պայմաններում հետագա քայլերի հստակեցումը:

Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են միայն ընտրական պրոցեսների տրամաբանության շրջանակներում: Մոտալուտ ընտրություններին ընդառաջ տարբեր կուսակցությունների կողմից հաճախակի են դարձել Արցախյան ազատամարտի մասնակիցների հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներն ու քննարկումները, որոնց նպատակն է առաջիկա ընտրություններում ստանալ ազատամարտիկների ձայները և նրանց գործուն աջակցությունը: Ընտրությունից ընտրություն ակտիվացող քաղաքական ուժերն ամբողջ թափով մտել են ընտրական գործընթացների հորձանուտը:

Ամեն օր նորից լսում ենք անիմաստ, ոչինչ չասող, բառախաղ հիշեցնող քաղաքական գործիչների ճառերն ու ելույթները: Հեռուստատեսությամբ անընդհատ տեսնում ենք հասարակությանը վաղուց արդեն ձանձրացրած ու տարիներ շարունակ եթերից չիջնող նույն դեմքերին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կուսակցություններն ունեն միայն մի նպատակ`ընտրությունների միջոցով ամեն գնով վեարտադրվել, որը դարձել է նրանց գերակա խնդիրը և այդ նպատակին է ծառայեցվում ցանկացած գործընթաց: Տեղին է նրանց հիշեցնել հզոր Հայաստան, զարգացող պետություն, բարեկեցիկ կյանք կառուցելու մասին    նախկինում տված խոստումները, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլ հենց այդ նույն քաղաքական ուժերի կողմից վարած ապաշնորհ, անհավասարակշիռ և չհաշվարկված ներքին քաղաքականության պատճառով վտանգվել է պետության գոյությունը:

Այսօրվա մեր իրականության պատկերը` դա ազգաբնակչության օր-օրի վատթարացող սոցիալական վիճակն է, գոյություն ունեցող գաղափարական ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունը, համատարած բնույթ կրող անպատասխանատվությունն ու անպատժելիությունը:

Արժեզրկվել ու ձևախեղվել են հայրենիքի պաշտպանության, հայրենասիրության վեհ գաղափարները:

Ազատամարտիկն իր ընտանիքի հանապազորյա հացի խնդիրը լուծելու համար պանդխտության ցուպը ձեռքին լքում է հայրենիքը` գերադասելով կամովի գերի հանձնվել այլ երկրների սոցիալական ծառայություններին:

Սովորաբար ստիպողաբար գերեվարվում են պատերազմների ժամանակ,իսկ խաղաղ պայմաններում գերի հանձնվելը անհասկանալի է:

Արդեն բոլորն են գիտակցում, որ մեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ, համակարգային և որակական փոփոխություններ:

Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանությունը բարձրագույն արժեք համարող հասարակական կազմակերպություները չեն համակերպվելու նման իրավիճակի գոյության հետ. Արցախյան պատերազմի վետերաններին միավորող մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունները քաջ գիտակցելով պետության և ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը` խաղալիք չեն դառնա այս կամ այն քաղաքական ուժի ձեռքում, չեն գայթակղվի տարաբնույթ սին խոստումներով, հաստատակամորեն կշարունակեն իրենց դավանած գաղափարների իրագործումը և գալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու ազատ և արդար ընտրությունների անցկացման օգտին :

Մենք մտահոգ ենք մեր ազատագրած հայրենիքի, մեր պետականության, հաղթանակած բանակի համար և այսօր ավելի համախմբված ու վճռական ենք մեր գործողություններում:

Նախաձեռնող խմբի համակարգողներ`                             

« Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միության նախագահ Գ. Սարգսյան

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության նախագահ Յու. Միքայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930