Ցուցադրվող բռնությունը, ագրեսիվությունն ու անհանդուրժողականությունը խանգարում են առողջ հոգեբանության զարգացմանը:
«Երեխաները մուլտֆիլմեր չեն նայում, որովհետեւ նախ դրանք չկան: Հայկական բարի, անմեղ մուլտֆիլմերին փոխարինելու են եկել դաժան, հակահայկական ու անիմաստ տեքստերով հեռուստասերիալները: Մեր երեխաները մեծանում են արտասահմանյան վայրենի մուլտֆիլմեր ու հայկական բռնություն, ժարգոն, ատելություն սերմանող ֆիլմեր դիտելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մանկական հոգեբան Լաուրա Աբրահամյանը, փաստելով, որ այժմ անգամ մանկահասակ երեխաները լցված են ագրեսիվությամբ, դաժանությամբ. դա բացատրվում է վերջիններիս կրթող, դաստիարակող մուլտերով, ֆիլմերով ու հաղորդումներով:
Ըստ մեր զրուցակցի, այն, ինչ ցուցադրվում է էկրանից, մոլորություն է. «Երբեք հայ զավակը ծնողի վրա ձեռք չի բարձրացրել, ինչքան էլ որ դուրս ընկած ու անպիտան ժառանգ է եղել, իսկ հեռուստասերիալները այդ մասին են պատմում, կամ դրանք դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ հայ մայրը, կինը պոռնիկ է եղել, խաբեբա, դավաճան, զավակները՝ անպիտան, թմրամոլ, հարբեցող, հայրերը՝ սադիստ, վայրենի, իրենց ասածի տեր ու ընտանիքի անդամներից ոչ մեկի խոսքը հաշվի չառնող: Սա է հայկական ընտանիքի բնութագիրը ըստ հայկական հեռուստաալիքների նկարահանած սերիալների»:
Հեռուստաեթերից ցուցադրվող բռնությունը, ագրեսիվությունն ու անհանդուրժողականությունը խանգարում են նոր սերնդի առողջ հոգեբանության զարգացմանը. այս կարծիքին է հոգեբանը:
Կարդացեք նաև
«Այսօր մանկապարտեզահասակ երեխան անգիր գիտի բոլոր սերիալների բովանդակությունը: Նրանք փորձում են նմանվել, կրկնօրինակել ֆիլմերի հերոսներին, իսկ դա վատ է: Վատ է, որովհետեւ այդ ֆիլմերում արժանի հերոս չկա, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ զարգացող երեխայի առողջ հոգեբանության վրա: Երեխան կրկնօրինակում է ֆիլմում իրեն դուր եկած հղփացած դպրոցականին, որը բերանը ծռմռելով է խոսում, հոր վրա գոռում, ուսուցչին ծաղրում, «լավ տղա» խաղում: Կրկնօրինակում են սերիալի ակցենտով խոսող զինծառայողի տափակ հումորները, շարժ ու ձեւը, այն ամենը՝ ինչն իրականում այդպես չէ ու չպետք է լինի»,- ավելացրեց Լ. Աբրահամյանը՝ խորհուրդ տալով երեխաներին հեռու պահել հեռուստասերիալներից:
Աշխատանքի բերումով շփվելով բազմաթիվ երեխաների հետ ու նրանց շրջանում անցկացնելով հետազոտություն՝ մասնագետը եկել է այն եզրահանգման, որ երեխաների 90 տոկոսից ավելին եթերից հրամցված հեռուստասերիալի «զոհն» է, եւ նրաց ագրեսիան էլ պայմանավորված է սերիալների բովանդակությամբ։ «Ռեժիմով բռնություն դիտող երեխան ապահովագրված չէ ագրեսիվությունից, հոգեկան վիճակի անկայունությամբ տառապելուց»,- հավելեց Լ. Աբրահամյանը, խորհուրդ տալով երեխաներին ժամերով հեռուստացույցի առջեւ նստեցնելու փոխարեն տանել զբոսանքի:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ