Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը: Մանկավարժական համալսարանում նման ձեւաչափի սիմպոզիումը ի մի էր բերել փիլիսոփայության հիմնախնդիրներով շահագրգիռ մարդկանց: Հանդիսավոր նիստում ելույթ ունեցողները փորձեցին մի քիչ «փիլիսոփայել» եւ տարբեր տեսանկյուններից դիտարկել աշխարհի հնագույն գիտությունը:
Սիմպոզիումը բացեց տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցավ հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ, ավելի քան յոթ տասնյակ մենագրությունների, 200 հոդվածների, լեզվաբանական լրացչության, փոխակերպման տրամաբանության, բազմատրամաբանության հայեցակարգերի հեղինակ, փաստարկման երեւանյան դպրոցի հիմնադիր եւ ղեկավար Գեորգ Բրուտյանը: «Փիլիսոփայությունն ընդգրկուն անսահմանություն է, իսկ մենք՝ չնչին հյուլեներ, որ բավարարվում ենք փոքրիկ փիլիսոփայական մտքերով»,- ասաց նա: Հիշելով փիլիսոփայության մեծերի թեւավոր մտքեր դարձած փիլիսոփայական խորհրդածությունները՝ նա անթաքույց հպարտությամբ ներկայացրեց հայ փիլիսոփայական դպրոցի ստեղծումն ու զարգացման ուղին, հաջողություններն ու ձեռքբերումները:
Ելույթ ունեցան ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան- հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, սփյուռքահայ փիլիսոփաների անունից՝ Չիկագոյի ¥Նյու Յորք), Բեյրութի համալսարանների պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սեդա Դադոյանը: Ներկաներն ունկնդրեցին հրաշալի համերգային ծրագիր՝ համալսարանի երաժշտական խմբերի եւ Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի մատուցմամբ: Սիմպոզիումի երկրորդ օրը, բացի զանազան թեմաների քննարկումներից, յոթ բուհերի թիմերի միջեւ անցկացվեց ինտելեկտուալ խաղ-վիկտորինա:
«Առավոտ» օրաթերթ