Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լիտոպեդիան»՝ հօգուտ հայերենի

Նոյեմբեր 22,2011 13:39

Կամ՝ աջակցություն բանասիրական ֆակուլտետի ուսանողներին եւ  հայերենի ուսուցիչներին

Շուրջ մեկ տարվա ընթացքում «Լիտոպեդիա» բանասիրության առցանց հանրագիտարանը ստեղծել է բանասիրական տեղեկույթնների հարուստ շտեմարան՝ փորձելով հայագիտական ժառանգությունը հասցնել աշխարհի չորս կողմը եւ նվազեցնել հայերենի աղքատությունը համացանցում. «Թերեւս միակ կողմնորոշիչն այն է, որ աշխատում եմ այնպիսի նյութեր տեղադրել, որոնք դեռեւս չկան հայերեն կայքերում»,- մեզ հետ հարցազրույցի ժամանակ մանրամասնեց կայքի հիմնադիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը: «Հանրագիտարանի առցանց ձեւաչափը թույլ է տալիս տեղեկույթը ամենակարճ ժամանակամիջոցում հասցնել ընթերցողին, բառահոդվածները ցանկացած ժամանակ ենթարկել փոփոխության եւ համապատասխան հավելումներ կատարել»,- նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով այն, որ ի տարբերություն գրքայինների՝ այստեսակ հանրագիտարանների տեղեկույթը չի հնանում: Տեսական մասից բացի, օժանդակության համար «Լիտոպեդիայում» տեղադրված են հատկապես ժամանակակից հեղինակների գրքերը: «Ինքս լինելով գրականության կենդանի ընթացքի մեջ՝ ընտրում եմ ուրույն ձեռագիր ունեցող գրողներին: Եղել են դեպքեր, երբ մերժել եմ ոմանց, քանի որ չեմ ցանկանում, որ ամեն պատահական տեքստ սպրդի հանրագիտարան»,- անկեղծորեն ավելացրեց կայքի հիմնադիրը: Նաեւ տեղեկացրեց, որ տարատեսակ թերությունները նվազագույնի հասցնելու համար շատ հաճախ զրուցում է մասնագետների հետ եւ միշտ հանդիպում է սիրով տրամադրված խորհրդատվության ու խրախուսանքների՝ կարեւորելով «Գրանիշ» ակումբի անդամների դերը՝ նախագիծը իրականացնելու գործում քաջալերելու եւ օժանդակելու համար: «Լիտոպեդիան» հասցեագրված է բանասիրական ֆակուլտետի ուսանողներին, հանրակրթական դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներին: «Եթե մարդու համար տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը համացանցն է, ապա ցանկալի է, որ նա այդ դաշտում տեղեկատվություն ստանա նաեւ գրքի, գրականության մասին, ինչը նրան կստիպի գրախանութներ ու գրադարաններ այցելել՝ այս ոլորտում կատարվող իրադարձություններին առավել շուտ ու մոտիկից ծանոթանալու համար»,- համոզված է Ա. Գաբրիելյանը՝ այն դիտարկմամբ, որ նման կայքերը սեր պետք է արթնացնեն ընթերցանության նկատմամբ, համատարած աղբի կողքին պետք է սանիտարի դեր կատարեն: Չնայած «Լիտոպեդիայի» հանդեպ օրեցօր աճող հետաքրքրությանը, նոր խնդիրներ ու պահանջներ էլ են առաջանում՝ չկա ֆինանսական աջակցություն: «Համացանցում մինչ օրս հասանելի չեն Հր. Աճառյանի եւ Մ. Աբեղյանի աշխատությունները: Կա հայերեն բանասիրական բառարանների հսկայական ժառանգություն, որը եւս անհրաժեշտ է թվայնացնել: Այս աշխատանքները կազմակերպելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Դա տիտանական աշխատանք է եւ վեր՝ մեկ հոգու ուժերից»,- մտահոգված է բանաստեղծը: Մյուս կողմից՝ նրա խոսքով, կամավոր գրքեր թվայացնողներ չկան. «Բավականին մեծ գրականություն կա ձեռքիս տակ: Ինձ անհանգստացնում է հենց այն, որ չեմ հասցնում այդ գրականությունը ժամանակին զետեղել համացանցում: Գրքերն ինքս եմ թվայնացնում, միայն ժամանակակից հեղինակներն են մեծամասամբ տրամադրում թվային տարբերակը, սակայն այս դեպքում էլ բավականին տեխնիկական աշխատանք եմ կատարում՝ տեքստը վերջնական ընթերցման պատրաստելու համար»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930