Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի մի հայեցակարգ

Նոյեմբեր 22,2011 13:27

Եթե միավորվեն եւ խոշորանան Վայոց ձորի համայնքները, տարեկան կտնտեսվի մոտ 150 միլիոն դրամ՝ 55 վարչական աշխատողի կրճատման, 12 գյուղական գրադարանի եւ 5 մանկապարտեզի փակման արդյունքում:

Ընդամենը 10 օր առաջ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Սրանից երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը քննարկում էր «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Նախագիծը վերջնական լրամշակող միջգերատեսչական հանձնաժողովում պարզվեց, որ Հայաստանի այն համայնքների ղեկավարները, ուր ծրագիրը փորձնական կիրառվելու է՝ դեմ են համայնքների խոշորացմանը: Իսկ փորձի համար ընտրված է երեք մարզի յոթ համայնք. Գեղարքունիքում՝ Վերին, Ներքին Շորժաներ եւ Այրք, Շիրակի մարզում՝ Հոռոմ ու Հովտաշեն, Սյունիքում՝ Թասիկ ու Թանահատ:

Այն ժամանակ հանուն չմիավորվելու՝ Վերին Շորժայի եւ Հովտամեջի գյուղապետերը որոշ գաղտնիքներ բացահայտեցին: Առաջինն ասաց, թե 28 բնակչով իրենց գյուղի հարեւան Այրքում իրականում չկա 471 բնակիչ, դրանք պարզապես գրանցված մարդիկ են: Հովտամեջի գյուղապետն էլ հայտարարեց, որ հարեւան Հոռոմը գրավել է իրենց հողերից 300 հեկտար: «Մարզպետն ու փոխմարզպետը մեր գյուղի տեղը չգիտեն, հենց հիմա՞ պիտի իմանային եւ մեզ խոշորացնեին: Ես դեմ եմ: Խոշորացնեք՝ մեր գյուղը կկորի»,- հայտարարեց գյուղապետ, ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը:

Հազիվ 120 բնակիչ ունեցող Ներքին Շորժայի գյուղապետ, հանրապետական Էդիկ Մինասյանն ասաց, որ պատրաստ են անգամ հրաժարվել պետական բյուջեից՝ տարեկան 2 միլիոն դրամ սուբսիդիայից: Միայն չմիավորվեն: Երկու տարի առաջ գյուղապետերը ընդունում էին, որ միավորում-խոշորացումը ենթադրում է միջոցների առավել արդյունավետ ծախս, առկա, տասնյակ տարիներով չլուծված խնդիրների լուծման հնարավորություններ, բայց դեմ են եւ հայտարարում են, որ պաշտոնը կորցնելուց չեն վախենում: «Կան բաներ, որ այստեղ ասելու չի»,- այն ժամանակ բանաձեւեց Ներքին Շորժայի գյուղապետը («Առավոտ», 8 հոկտեմբեր, 2009՝ «Համայնքապետերը դեմ են խոշորացմանը», https://www.aravot.am/old/am/ articles/regions/70525/view, 12 դեկտեմբեր 2009՝ «ՏԻՄ-ը սոցիալական նպաստ չէ», https://www.aravot.am/old/am/articles/regions/73673/view):

Գյուղապետերը ակտիվ դեմ էին խոշորացմանը: Այդ քննարկումները դադարեցին առանց հստակ որոշման: Իսկ մեկ շաբաթ առաջ ընդունված «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի» իրականացման առավելությունները ներկայացված են Վայոց ձորի օրինակով, որը, ըստ տեղի եւ դրսի փորձագետների՝ ամենապասիվ մարզն է: Հայեցակարգը կից հավելվածներով մի 60 էջ է:

Այսօր Հայաստանի 912 համայնքներից 60-ում ապրում է մինչեւ 300 մարդ: Այս 60-ից ութում՝ 100-ից էլ պակաս մարդ: Կառավարությունն առաջարկում է քիչ բնակչություն ունեցող համայնքները միավորել, այսօր ծախսվող միջոցները տնտեսել: Կառավարությունը չի ասում, ուր կգնան տնտեսումները, ենթադրաբար նույն մարզի նույն համայնքներում նոր ծրագրեր կիրականացվեն: Վայոց ձորի այսօրվա 44 համայնքից կառավարությունը մտադիր է ստանալ ընդամենը 7 համայնք. Եղեգնաձոր համայնք՝ Ագարակաձորի, Գնիշիկի, Գետափի, Արփիի, Աղավնաձորի, Գլաձորի եւ Վերնաշենի ընդգրկմամբ, Ջերմուկ համայնք՝ Գնդեվազի ընդգրկմամբ, Վայք համայնք՝ Արինի, Ազատեկի, Արտավանի, Սարավանի, Փոռի, Հերհերի, Կարմրաշենի, Զեդեայի ընդգրկմամբ, Մալիշկա համայնք, Զառիթափ համայնք՝ Բարձրունու, Գոմքի, Խնձորուտի, Մարտիրոսի, Նոր Ազնաբերդի, Սերսի ընդգրկմամբ, Շատին համայնք՝ Աղնջաձորի, Արտաբույնքի, Գողթանիկի, Եղեգիսի, Թառաթումբի, Հերմոնի, Հորբատեղի, Հորսի, Սալլիի, Վարդահովիտի եւ Քարագլուխի ընդգրկմամբ, Արենի համայնք՝ Խաչիկի, Ելփինի, Չիվայի եւ Ռինդի ընդգրկմամբ:

Ըստ կառավարության, կարելի է տնտեսել մի շարք ոլորտներում: Օրինակ, 7 համայնքից մեկ՝ Եղեգնաձոր համայնք ստանալու պարագայում այսօրվա ընդհանուր 81,8 միավոր հաստիքից կմնա 26 միավոր հաստիք, որից 7-ը՝ խոշորացվող նախկին համայնքներում նոր ձեւավորվող վարչական ներկայացուցիչների հաստիքներն են, տարեկան կտնտեսվի 84,3731 միլիոն դրամ: Ջերմուկն ու Գնդեվազը միավորելով՝ վարչական ծախսերի վրա կխնայենք 9,376 միլիոն, Վայք քաղաքն ու 9 գյուղերը՝ 49,262 միլիոն եւ այլն:

Կառավարությունում կարծում են, որ համայնքների խոշորացման արդյունքում կարող են տնտեսումներ առաջանալ նաեւ մանկապարտեզների եւ գրադարանների հաշվին: Օրինակ, Եղեգնաձոր համայնքում կա 8 մանկապարտեզ, եւ մեկական Ագարակաձոր, Գետափ, Աղավնաձոր, Գլաձոր, Վերնաշեն բնակավայրերում: Կառավարությունը ուսումնասիրել է բնակավայրերի տարածական բաշխվածությունն ու եզրակացրել, որ Ագարակաձոր, Գետափ, Արփի, Գլաձոր եւ Վերնաշեն բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել Եղեգնաձորի մանկապարտեզներից: Ու գյուղական հինգ մանկապարտեզ փակելու միջոցով տարեկան մոտ 10 միլիոն դրամ կտնտեսվի:

«Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի» հեղինակները առաջարկում են փակել նաեւ այս գյուղերի, նաեւ Ջերմուկին միացող Գնդեվազի եւ Վայքին միացող գյուղերի որոշ գրադարաններ՝ ընդհանուր՝ 12-ը, եւ տարեկան 5-5,5 միլիոն էլ այստեղ տնտեսել: Կառավարությունը խոստանում է նաեւ ԱԺ ներկայացնել «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրինագիծ, որի ընդունման պարագայում ձեւավորվող համայնքները ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով կստանան ավելի շատ գումար ու սա հնարավորություն կտա խոշորացման գործընթացը համայնքների համար դարձնել տնտեսապես առավել նպատակահարմար:

«Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգից» տարիներ առաջ ընդունվել են «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգը», հարյուրավոր էջեր են մրոտվել եւ ուժ, եռանդ, ժամանակ, էլեկտրաէներգիա ծախսվել: Բայց Հայաստանի հեռավոր գյուղերը շարունակում են դատարկվել:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930