Քաղաքական գործիչների երեխաների ուսման առաջադիմության մասին նոր բացահայտումներ՝ համալսարանի արխիվից:
Օրերս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաեւ դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»: Մենք ԵՊՀ ռեկտորին հարցում արեցինք՝ պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի (լուսանկարում) որդին՝ Նարեկը եւ Վահան Հովհաննիսյանի աղջիկը՝ Աննան ի՞նչ գնահատական են ստացել Բագրատ Ասատրյանի դասավանդած «Բանկային գործ» առարկայից, եթե նրանք ընդհանրապես դասի չեն եկել, եւ, բացի այդ, ո՞վ է դասախոսի փոխարեն ընդունել քննությունը: 2009-ի շրջանավարտների արխիվային փաստաթղթերից պարզվեց, որ մեր քաղաքական գործիչների զավակները քննությունը հանձնել են անհատական գրաֆիկով եւ երկուսն էլ «4» (լավ) են ստացել: Այդ ուսանողներին չնշանակած Բագրատ Ասատրյանի ստորագրության փոխարեն քննությունն ընդունել ու իր ստորագրությունը դրել է ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ավելին՝ այդ ուսանողները պետական ավարտական քննությունից եւ դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից նույնպես «4» են ստացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ