Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիությունից հրաժարվում են

Նոյեմբեր 22,2011 13:20

Կալանավորի հայրը դիմել է հանրապետության նախագահին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին:

Հոկտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Մհեր Համբարձումյանի, Տարոն Խաչատրյանի գործը: «Առավոտն» այս գործի մասին տեղեկացրել է, մասնավորապես, անդրադառնալով ոստիկանների կողմից բերման ենթարկելու իրավաչափությանը. ոստիկանները կրակել էին բերման ենթարկվողի՝ Մհեր Համբարձումյանի վրա:

Մհեր Համբարձումյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, եւ մեղադրվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 13-ին ոսկու շուկայի աշխատակցուհի Լուսինե Մանուչարյանի պայուսակը հափշտակելու համար: «Դատաքննության ժամանակ ոստիկանության քրեականի ավագ օպեր-լիազոր Մանվել Հակոբյանն ասաց, որ կատարվածը կողոպուտ է: Հարց է առաջանում, եթե զինված հարձակում չկա կամ որեւէ քաղաքացու վտանգ չի սպառնում, ոստիկանն ինչ իրավունքով է զենքը հանում, իջեցնում պահպանիչը, լիցքավորում, բերում մարտական վիճակի եւ կրակում որդուս վրա: Երեւան քաղաքի դատախազ, մեղադրող Հ. Չախոյանը դատաքննության ժամանակ չհարցրեց՝ արդյոք նա իրավունք ունե՞ր զենք կիրառելու»,- ասում է Մհեր Համբարձումյանի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը: Ի դեպ, նկատենք, որ դեպքի 3-րդ օրը պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որ ոստիկանները օդ են կրակել: «Օդ կրակելու» օրն էլ Մհեր Համբարձումյանին տարել էին դատաբժշկի մոտ:

Նախաքննությունից 78 օր հետո կողոպուտը որակվել է ավազակային հարձակում: «Ձեւակերպվեց ավազակային հարձակում, երբ չկա ոչ զենք, ոչ էլ մարմնական ծանր վնասվածք»,- ասում է կալանավորի հայրը:

Նա հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում զարմացած հարցնում է, թե ինչո՞ւ գործը չի վերցրվել հատուկ քննչական ծառայության վարույթ կամ ազգային անվտանգության ծառայությունը չի զբաղվում, քանի որ ոստիկանների գործողությունների իրավաչափությունն է վիճարկվել: Ռուբեն Համբարձումյանին անհամոզիչ է թվում նաեւ այն, որ դեպքի ժամին օպեր-լիազոր Մանվել Հակոբյանը 2-3 մետր հեռավորության վրա է գտնվել:

Դատաքննության ժամանակ պաշտպանական կողմը՝ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը ներկայացրեց մի տեղեկանք, համաձայն որի՝ տուժող Լուսինե Մանուչարյանը չի հանդիսանում «Վաղարշ եւ որդիներ» սահմանափակ ընկերության աշխատակից: Ըստ Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանի 13.12.10 գրության, Լուսինե Մանուչարյանը աշխատել է ոսկու շուկայում որպես վաճառողուհի, եւ որ նույն օրն էլ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանների դեմ:

Ավելին, երբ դեպքի օրը շտապօգնության կանչ է գրանցվել ժ.14. 02-ին, իսկ առաջին կլինիկական հիվանդանոցում տուժողը հայտնվել է ժ.15. 50-ին:

«Ես կողմ եմ, որ յուրաքանչյուրը կրի պատիժ իր կատարածի համար, ոչ թե հնարովի հանցագործության համար: Ես բազմազավակ երեխաների հայր եմ, ունեմ 6 երեխա: Մենք հրաժարվում ենք ՀՀ քաղաքացիությունից եւ ցանկություն չունենք ապրելու նեռի ճտերի հետ: Իմ ամենածայրահեղ քայլերի համար պատասխանատու եք դուք: Սա մի ընդունեք որպես վերջնագիր, այլ՝ արդարության հասնելու բողոքի ճիչ»,- գրել էր Ռ. Համբարձումյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930