Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացուց խլում են, որ տան գործարարին

Նոյեմբեր 22,2011 13:12

Արտադրամասը դարձրել են բնակելի:

Անգործության մատնված կաթսայատունը մերժել են տալ քաղաքացուն՝ տրամադրելով գործարարի:

50 տարվա այգին ու հողատարածքը հատկացրել են ամերիկահայ գործարարին՝ սուպերմարկետ կառուցելու նպատակով:

Սենիկ Արզումանյանը իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Քանաքեռ-ՀԷԿ թաղամասում գտնվող 2 սենյականոց բնակարանում: Այդ 30 քմ մակերես ունեցող բնակարանում Արզումանյանների ընտանիքը բնակվում է 12 հոգով՝ Սենիկ Արզումանյանը՝ իր թոշակառու կնոջ, 2 տղաների, 2 հարսների, 6 թոռան հետ: Նրանց եկամտի եւ սնվելու հիմնական աղբյուրը Քանաքեռ-ՀԷԿ 5/2 հասցեում գտնվող պտղատու այգին է: Դեռեւս 1960-ական թվականներից այս տարածքը Արզումանյանների ընտանիքը իբրեւ օգտագործող է շահագործում: Այստեղ նրանք ժամանակին սննդի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասեր են ունեցել, որոնք ներկայումս չեն գործում, լուծարվել են: Քանի որ բազմանդամ ընտանիքն այդ փոքրիկ բնակարանում չի տեղավորվում, նրանք սկսել են նաեւ արտադրամաս ծառայող մասնաշենքը բնակեցնել, սակայն այնտեղ, մեղմ ասած, անմարդկային պայմաններ են. հատակը երկաթյա է, հավասարաչափ ջեռուցումն անհնար է ապահովել, խոնավ է ու մութ:

Չնայած դրան, Սենիկ Արզումանյանը 20 տարի անընդմեջ դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեսզի եւ այս անմխիթար վիճակում գտնվող շինությունը, եւ հարեւանությամբ տեղակայված կիսաքանդ կաթսայատունը, եւ պտղատու այգին սեփականաշնորհի, սակայն միայն 2004 թվականին են նրան թույլատրել շինությունը սեփականաշնորհել: Իսկ հողատարածքի մի մասը տրվել է վարձակալությամբ: Մնացած հատվածը չնայած Ս. Արզումանյանի օգտագործման տակ է եղել, քաղաքապետարանը մերժել է: Կաթսայատան վերաբերյալ էլ Երեւանի քաղաքապետարանն այսպես է պատասխանել. «Քաղաքապետարանի առջեւ խնդիր է դրված Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ջեռուցումն ապահովել ինչպես լոկալ, այնպես էլ հնարավոր այլ տարբերակներով, ուստի այդ հարցին կանդրադառնանք ավելի ուշ»:

Ս. Արզումանյանը՝ տեսնելով, որ կաթսայատունն այդպես էլ մնում է անտերության մատնված, շարունակել է հետագա տարին էլ դիմել այն սեփականաշնորհելու համար: «Դա հենց նույն տարածքն է, իմ արտադրամասի շինությանը կպած է: Այգին էլ ես ամբողջությամբ եմ օգտագործել, իսկ հիմա մատիտի մի հարվածով ինձ հատկացրել են միայն դրա կեսը: Չէ՞ որ ես այնտեղ ծառեր եմ տնկել, աշխատանքներ եմ կատարել: Վերջապես, իմ սեփական շինությունը հայտնվել է օդի մեջ, քանի որ տակի հողը իմ սեփականը չէ: Անգամ իրավունք չունեմ որեւէ շինարարություն կամ վերանորոգում անելու: Մի տղաս հաշմանդամ է, անաշխատունակ է, նրա կինը մանկատան սան է, ունեն 4 երեխա, նրանց ապագայի մասին պետք է մտածել, չէ՞»,- «Առավոտին» դժգոհում էր Ս. Արզումանյանը: Նրա խոսքերով՝ 2004-ից սկսած կաթսայատան սեփականաշնորհման մասին իր շարունակական դիմումները այդպես էլ պատասխան չէին ստանում. «Այդ ժամանակ ես պաշտոնապես դիմեցի Կադաստրի պետական կոմիտե եւ պարզեցի, որ կաթսայատունն արդեն տրվել է Ալբերտ Հովհաննիսյանին: Ինձ ասացին, որ աճուրդ է եղել, ես շատ եմ կասկածում: Եթե աճուրդ լիներ, ինձ պետք է տեղեկացնեին առաջին հերթին, քանի որ երկար տարիներ շարունակ դիմել եմ, որպեսզի սեփականաշնորհեմ այդ կաթսայատունը: Ես կարողացա կապ հաստատել տարածքի սեփականատիրոջ հետ: Սպասեցի, որ նա Ամերիկայից գա, որ հետը խոսեմ, բացատրեմ, թե ինչու է ինձ պետք այդ կաթսայատունը, սակայն նա եկավ եւ ասաց, որ որոշել է այդտեղ սուպերմարկետ կառուցել, ինձ վարձակալությամբ տրված տարածքից դուրս գտնվող այգու տարածքում էլ՝ ավտոկանգառ: Այդ դեպքում, եթե նա շինարարությունը սկսի, ինձ սեփականության իրավունքով պատկանող պատը պետք է քանդի, իսկ այդ իրավունքն իրեն ո՞վ է տվել»:

Այս խնդրի մասին Ս. Արզումանյանը նամակներով տեղեկացրել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, քաղաքաշինության նախարարին, Երեւանի նոր քաղաքապետին, որպեսզի եղած աճուրդը չեղյալ հայտարարվի եւ իր մասնակցությամբ աճուրդ կազմակերպվի, կասեցվի իր աճեցրած 50 տարվա պտղատու այգու ոչնչացումը, չափագրվի արտադրամասի տարածքը, որը հիմա օգտագործվում է որպես բնակելի, եւ դրա տակի ու այգու ամբողջ հողատարածքը օտարվի իրեն՝ որպես երկար տարիների օգտագործող:

Նշենք, որ այս տարածքում հիմա ակտիվ շինարարություն է ընթանում, եւ այն բավականին լավ տարածք է տարբեր կառույցներ ստեղծելու համար:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930