«Օրինաց երկիր» կուսակցության հերթական հաշվետվությունը ժողովրդին տեղի ունեցավ Աշտարակ, Մասիս, Արտաշատ քաղաքներում: Ինչպես նշեց Արթուր Բաղդասարյանը՝ շուտով կլրանա կուսակցության 15 տարին, որի ընթացքում կուսակցությունը հասել է շատ հաջողությունների թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ հասարակության լայն շերտերի խնդիրները լուծելու գործում: Քաղաքական կոալիցիա կազմելով, Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, կուսակցությունն այս 3 տարիների ընթացքում ակտիվ նախաձեռնողական դիրքորոշում է ցուցաբերել ամենատարբեր ոլորտներում: Կարեւորելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում՝ Արթուր Բաղդասարյանը նշեց. «Շատ կարեւոր է, որ կոշկակարը, երթուղայինի վարորդը, վարսավիրը գործ չունենան հարկային մարմինների հետ, վճարեն արտոնավճար եւ հանգիստ աշխատեն: Ես դեմ եմ, որ Հայաստանը լինի օլիգարխիկ երկիր: Այդ իսկ պատճառով տնտեսությունը պետք է ազատականացվի, մրցակցությունը՝ զարգանա: Մենք պետք է աչքի լույսի պես պահենք, փայփայենք այն մարդկանց, ովքեր պետության ներսում բարիք են ստեղծում: Մենք պետք է երկիրը կառուցենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա: Մենք առաջարկում ենք կրճատել սուպերմարկետների թիվը: Ցանկացած զարգացած երկրում խոշոր սուպերմարկետի կողքին գործում է փոքր բիզնեսը: Մենք չպետք է թողնենք, որ մանրը վերանա»:
Անդրադառնալով Հայաստանում կրթության համակարգի բարելավման խնդիրներին՝ ՕԵԿ ղեկավարը նշեց. «Հայաստանը պետք է խարսխված լինի գիտելիքի վրա, մեր երկրում պետք է նախապատվությունը տալ երեխայի գլխին, ոչ թե ծնողի գրպանի պարունակությանը: Գերազանց սովորող ուսանողը պետք է բուհում սովորի անվճար: Շատ կարեւոր է նաեւ Հայաստանում ներդնել ուսանողական երկարաժամկետ վարկավորման համակարգը»:
Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, որոնց թվում էր նաեւ այսօրվա աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը, որին ի պատասխան՝ ՕԵԿ նախագահը ասաց. «Ունենալով ավելի մեծ դերակատարում պետության մեջ՝ մենք պետք է հասնենք նրան, որ պետությունն ավելի լայն ներգրավվածություն ապահովի աշխատատեղերի ստեղծման գործում: Սա է վկայում այն, որ Ռուսաստանի հետ 6 ամսվա քննարկումներից հետո ձեռք բերեցինք պայմանավորվածություն, ըստ որի՝ հաջորդ տարի Հայաստանում կստեղծվեն 7 համատեղ ձեռնարկություններ ռազմական արդյունաբերության ոլորտում: Սա նշանակում է, որ կբացվի մի քանի հազար աշխատատեղ»:
Կուսակցության համախոհներից մեկին էլ հետաքրքրում էր այն հարցը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ո՞րն է լինելու ՕԵԿ քարոզարշավի զարկերակն ու շեշտադրումը: «Մենք ուզում ենք, որ մարդիկ գիտակցաբար մոտենան ընտրություններին: Այդ իսկ պատճառով մենք պարբերաբար Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում հանդիպումներ ենք ունենալու մեր ժողովրդի հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու հնարավոր քայլերը, միջոցներն ու մեխանիզմները, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգ ու առաջանցիկ զարգացումը: Կձգտենք ապահովել երկրի ներքին անվտանգությունը, քաղաքական կայունությունը»:
Կարդացեք նաև
Հանդիպման վերջում Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատեց ներկաների հետաքրքրությունը կուսակցության գործունեության վերաբերյալ եւ նշեց, որ ՕԵԿ շարքերն օրեցօր ավելանում են: Վերջին 3 ամսվա ընթացքում 20 հազար մարդ է անդամակցել «Օրինաց երկիր» կուսակցությանը:
«ՕԵԿ-ը շատ լուսավոր ծրագրեր ունի բոլոր ոլորտներում: Շատ բան հնարավոր է անել, եթե դա կառուցված է հավատի, վստահության, մեկս մյուսին աջակից լինելու հիմքի վրա»,- ասաց ՕԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ կուսակցության նպատակն է միահամուռ ուժերով երկիրն առաջ տանել ռազմավարական ծրագրերով, այնպիսի խնդիրներ լուծելով, որոնք վերաբերում են տարբեր սոցիալական խմբերին:
ՀԱՍՄԻԿ ՔԱՐԱՓՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ