Կիրակի օրը կուսակցական ակտիվի ժողովում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը պաշտոնապես հրապարակեց իր ղեկավարած կուսակցության տեսակետը՝ Եվրասիական միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու մասին: Մինչ այդ էլ նա բարձրաձայնել էր իր սեփական տեսակետը՝ համոզմունք հայտնելով, որ մեր երկիրը անվերապահորեն պետք է միանա 2011 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին: Նկատի ունենալով դեռ 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանի կոմունիստների սկսած համանման շարժումը՝ Բելառուս-Ռուսաստան միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, եւ կոմունիստական կուսակցության՝ դեպի Ռուսաստան ուղղված անվերապահ հայացքը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են իրենք վերաբերվում այդ միությանը Հայաստանի միանալուն:
Ընկեր Թովմասյանն էլ վերհիշեց անցյալը. «Այդ միության դեռեւս սաղմնային վիճակում Բելառուս-Ռուսաստան միության օգտին կոմկուսը ՀՀ քաղաքացիներից հավաքեց մեկ միլիոն 200 հազար կողմ ստորագրություն, ովքեր նպատակահարմար էին գտնում այդ միավորմանը Հայաստանի միանալուն: Սակայն իշխանությունները դիմեցին զանազան սադրանքների, ընդհուպ մինչեւ առաջարկներ էին լինում ստորագրությունները գնելու: Պատճառը վախն էր՝ երկրի միավորման: Այժմ էլ, բնականաբար, ՀԿԿ-ն ողջունում է Եվրասիական միությունը, որտեղ կա մոտ 170 միլիոն բնակչություն՝ երեք հանրապետությունից: Հայաստանն անպայման պետք է դառնա այդ միության անդամ, որպեսզի սանձվեն Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի բոլոր նկրտումները եւ ոտնձգությունները: Ու ինչքան շուտ՝ այնքան լավ: Մենք նաեւ պատրաստ ենք իշխանություններին ամեն հարցում աջակցել՝ այդ միավորման մեջ մտնելու համար»:
Հետաքրքրվեցինք՝ չե՞ն պատրաստվում ՀԿԿ-ում նախընտրական դաշինք կազմել ՆԺԿ-ի հետ եւ այս շրջանում զբաղվել ՀՀ-ի՝ Եվրասիական միությանն անդամակցության լոբբինգով: Ընկեր Թովմասյանն ասաց, որ միությանն անդամակցության հարցում ՀԿԿ-ում ՆԺԿ-ի հետ չեն համաձայնեցրել կարծիքները, բայց ողջունում են Արամ Կարապետյանի նախաձեռնությունը եւ պատրաստ են համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնում են, որ Հայաստանի ապագան Եվրասիական միությունում է: Նա նաեւ հարկ համարեց հատուկ նախազգուշացնել, որ այդ միությունը չի ենթադրում ԽՍՀՄ-ի վերակենդանացում:
Ն. Գ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ