Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանի հետ հույսեր էին կապում

Նոյեմբեր 22,2011 12:53

Հովհաննես Հովհաննիսյան-ԿԸՀ նախագահ՝ հեռակա բանավեճ

Վերջերս տարբեր հարցազրույցներում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդումներ է անում, որ ընտրացուցակները չեն կարող առաջիկա համապետական ընտրություններում կեղծումների պարարտ հող դառնալ: Մինչդեռ անկախ Հայաստանում մինչ օրս տեղի ունեցած ընտրական գործընթացներն արդեն ապացուցել են պարոն Մուկուչյանի պնդումների՝ իրականության հետ անհամապատասխանությունը: Այդ մասին քանիցս բարձրաձայնել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ հոկտեմբերի 28-ի իր ելույթում բավականին հանգամանալից վերլուծություն ներկայացրեց նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վկայակոչելով նաեւ Wikileaks-ի որոշ բացահայտումներ: Հիշեցնենք, որ առաջին նախագահը բարձրացրել էր անցյալ նախագահական ընտրություններից առաջ շուրջ 500000 ավելորդ քվեաթերթիկների տպագրության հարցը, ընտրացուցակում երկրից բացակայող 500000 քաղաքացիների անունների առկայության հարցը, ինչի մասին 2007թ. ապրիլի 26-ին, Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, բարձրացրել էր նաեւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Գոդֆրին: Ամերիկացի պաշտոնյան այդ ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անպայման դրան անդրադառնալու է իր զեկույցներում, բայց հետագայում, ինչպես հայտնի դարձավ Wikileaks 07YEREVAN522 փաստաթղթից, ամերիկյան կողմը մինչեւ ընտրությունների ավարտը հրապարակավ չէր պատրաստվում արտահայտվել այդ մասին՝ «քվեարկության նկատմամբ հանրային վստահությունը չխարխլելու համար»: Առաջին նախագահն ահազանգել էր նաեւ արտագաղթին զուգահեռ՝ ընտրացուցակներում ընտրողների թվի աճի մասին՝ մասնավորապես մատնանշելով ընտրացուցակներում երկրից բացակա 500000 ընտրողների ընդգրկման հանգամանքը: Առաջին նախագահը խոսել էր նաեւ պատգամավորական մեծամասնական տեղերի եւ ընտրակեղծիքները նվազեցնող մի քանի այլ հանգամանքների մասին: Սակայն, դատելով Մուկուչյանի հարցազրույցներից, իշխանությունը չի պատրաստվում վերանայել ընտրական ցուցակները, իրականում բարելավել ընտրական օրենքը:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ նախագահի՝ ընտրացուցակների իդեալականության մասին պնդումներին՝ ՀԱԿ անդամ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Ես ափսոսում եմ, որ Մուկուչյանը նման հայտարարություններ է անում եւ գնում է այդ ճանապարհով, որովհետեւ կարծում էի, որ Մուկուչյանն ավելի ազնիվ կգտնվի եւ նշանակվելով ԿԸՀ նախագահ՝ կփորձի որոշ բարեփոխումների գնալ: Այսինքն՝ որպես ընտրությունների համար պատասխանատու մարդ, կփորձի ոչ թե կրկնել վերջին 10-15 տարիների բոլոր ԿԸՀ նախագահների սխալը, այլ զերծ կմնա հանցագործություններից, քանի որ ամեն մի կեղծված ընտրություն ուղիղ հանցագործություն է պետության եւ ժողովրդի նկատմամբ»: Պարոն Հովհաննիսյանը տարակուսում է, թե Մուկուչյանն այս կարճ ժամանակահատվածում ե՞րբ հասցրեց նման ստուգումներ անել եւ այդպես վստահորեն խոսել ընտրացուցակների անարատության մասին, քանի որ, իր հավաստմամբ, ստուգումների մեխանիզմը բավականին բարդ է եւ ժամանակ է պահանջում: «Նրանք գնացել են ուղիղ ճանապարհով՝ ի սկզբանե հիմք դնելով ԿԸՀ-ի աջակցությամբ ապագա ընտրությունների կեղծման համար, եւ Հայաստանը կրկին ներքաշելու են լուրջ ներքաղաքական խնդիրների, նույնիսկ կոնֆլիկտների մեջ: Եթե այս ընտրություններն էլ կեղծվեն, մենք հիմա կարող ենք ունենալ շատ ավելի լուրջ եւ կատաստրոֆիկ իրավիճակ, քան 2008-ին էր»:

Միաժամանակ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին իշխանական տարբեր ճամբարներից եւ տարբեր այրերի շուրթերից հնչող հայտարարությունները մեր զրուցակիցը դեմագոգիա է անվանում՝ հավելելով, որ նման ընտրությունները պետք են ոչ թե իշխանություններին, այլ պետությանը, եւ ներկայիս իշխանավորներն իրենց «թայֆան» նույնացնելով պետության հետ՝ էլ ավելի են վտանգում պետության գոյությունը. «Նրանք իրավունք չունեն անվերջ նույնացնել իրենց ժամանակավոր իշխանությունը պետության հետ, բայց եթե փորձում են այդպես անել, թող նկատի ունենան, որ քաղաքականության մեջ էլ եթե կա սկիզբ, կա նաեւ ավարտ: Նրանք պետք է հասկանան, որ իրենց քաղաքական իդեաների, եթե կան այդպիսիք, եւ իրենց իշխանության մայրամուտն է, եւ արդար, ազնիվ ընտրություններով զիջեն դիրքերը օրինական, ժողովրդի կողմից քվե ստացած քաղաքական ուժերին»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ՀԱԿ-ում ի՞նչ մեխանիզմներ են փորձում կիրառել իրենց ստացած ձայները պահպանելու համար, քանի որ այս պահին իշխանությունը դեռ գործնական պատրաստակամություն չի ցուցաբերել ազատ ընտրությունների անցկացման համար: «Այս ժողովուրդը կամ հասարակությունն իշխող կուսակցության սեփականությունը չէ եւ երբեք էլ իր քվեն չի տվել այս իշխանությանը: Իշխանությունում դա լավ գիտեն: Հիմա հասարակությունը պետք է իր քվեն տա իր նախընտրած ուժին: Կեղծելով այս ընտրությունները՝ իշխանությունը պատերազմ կհայտարարի ոչ թե ինչ-որ մի քաղաքական ուժի, այլ սեփական ժողովրդին: Մենք ընտրության ենք գնում, ոչ թե պատերազմի, որ մտածենք՝ ոնց պահել: Մենք քաղաքական գործիչներ ենք եւ գնում ենք ժողովրդի քվեն ստանալու: Եթե այդ ձեռնոցը մեզ նետվի՝ մենք կպահենք մեր քվեները, բայց դրա հետեւանքները եւ պատասխանատվությունը կմնա արդեն իշխանության եւ պարոն Մուկուչյանի վրա: Ի վերջո, կա հասարակության, ժողովրդի եւ Աստծո դատաստան»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930