Արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրան որոնած ու չգտած «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն նորից ուրան է որոնում: Սկսվել են հորատման աշխատանքները: «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի նախագահ Արմեն Փարսադանյանը երեկ Լեռնաձորում հանդիպել է ուրան որոնողների հետ: «Այնտեղ արդեն հորատման աշխատանքներ են ընթանում, ինչը մեզ խիստ մտահոգում է: Մտադիր ենք հանդիպում կազմակերպել ուրանի ծրագրով զբաղվող տարածաշրջանի ակտիվի, հ/կ-ների ներկայացուցիչների հետ, քննարկել առաջիկա մեր անելիքները եւ որոշել, թե ինչ մեթոդների պետք է դիմենք»,- «Առավոտին» փոխանցեց Արմեն Փարսադանյանը: Երեկ, երբ հ/կ-ների ներկայացուցիչները փորձել են լուսանկարահանել հորատող մեքենան, ուրան որոնողները վեճի են բռնվել նրանց հետ: Դեպքի վայր են հրավիրվել նաեւ բարձրաստիճան ոստիկաններ: Միջադեպը հարթվել է, հ/կ-ների ներկայացուցիչներին էլ ի վերջո հաջողվել է լուսանկարել մեքենան: Հիշեցնենք, որ անցած տարի «ԱԲՎԱՆ»-ի ուրան որոնող առաջին տեխնիկան այրվեց, երկրորդը բան չգտավ:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ